Կիրակի երեկոյան Մեծ Բրիտանիայում ձերբակալել են բանտարկյալներից մեկին, ով օրը ցերեկով փախուստ էր իրականացրել ուղղիչ հաստատության ֆուրգոնից։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով ոստիկանության հայտարարությանը:
Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 30-ի առավոտյան՝ Անգլիայի հյուսիսարևմտյան Սոլֆոլդ քաղաքում: Ֆուրգոնը պետք է 20-ամյա Ռայան Մաքդոնալդին և 31-ամյա Սթիվի Մաքմալենին Մերսիսայդ կոմսության ժամանակավոր պահման մեկուսարանից տեղափոխեր Մանչեսթերի թագավորական դատարան: Սակայն փողոցներից մեկում մեքենան երեք անծանոթների կողմից հարձակման է ենթարկվել: Հարձակվողները զինված են եղել կացիններով ու որսորդական հրացաններով: Նրանք սկսել են կոտրել կալանավորներին տեղափոխող մեքենայի պատուհանները:
Ականատեսների խոսքերով՝ բանտակյալներին ֆուրգոնից դուրս բերելու համար նրանց ընկերներից ընդամենը մի քանի րոպե է պահանջվել: Այնուհետև նրանք 5-ով սկսել են փախչել փողոցն ի վար, որտեղ նրանց մի խումբ մոտոցիկլիստներ են սպասելիս եղել:
Sky News-ի տվյալներով՝ Մաքմալենը ձերբակալվել է ևս երկու տղմարդկանց հետ: Ձերբակալությունն իրականացվել է Անգլիայի արևմուտքի Լանկաշիր կոմսության А6 ավտոմայրուղու վրա: Մաքդոնալդի գտնվելու վայրը դեռևս անհայտ է: Նրա մասին տեղեկություն հայտնողին խոստացվել է 15.5 հազար դոլար պարգևավճար:









































