Նյու Յորքում՝ նախկին երկվորյակ երկնաքերերի տեղում, կառուցվել է արևմտյան կիսագնդի ամենաբարձր երկնաքերը ու ամենաբարձր գրասենյակային շինությունը: Առևտրի նոր համաշխարհային կենտրոնի տանիքին կառուցվել է ամփոփիչ դետալ՝ 124 մետրանոց աշտարակ՝ հայտնում է Vesti.ru-ն:
«Ազատության աշտարակը», ինչպես այն անվանել են Նյու Յորքում, կդառնա ոչ միայն ամենաբարձրը, այլև անվտանգը: Բացի այդ՝ դրանում կծածկագրվի մի քանի կարևոր խորհրդանիշ:
Սեպտեմբերի 11-ի հուշակոթողի մոտ զբոսաշրջիկները սովորաբար հանում են հեռախոսներն ու լուսանկարչական սարքերը: Դաունթաունում ոչ ամեն կողմից է այդքան լավ երևում շինությունը, որը համարվում է ամենաբարձրը ոչ միայն Ամերիկայում:
«Սա առանձնահատուկ օր է: Այսօր մենք քաղում ենք մեր երկար ամիսների աշխատանքի արդյունքը»,- հայտարարել է Համաշխարհային առևտրի կենտրոնի գլխավոր ճարտարապետ Սթիվեն Փլեյթը:
Կառույցի պաշտոնական անվանումը «Համաշխարհային առևտրի կենտրոն-1» է, քանի որ շենքի հարևանությամբ կառուցվելու են ևս 3 բարձրահարկ շինություններ, որոնք հուշարձանի շուրջը համալիր են կազմելու:
Շինության պարամետրերում ծածկագրված են խորհրդանիշներ: Բարձրությունը 1776 ֆուտ է՝ ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման տարեթիվը:
Աշտարակի տեղադրման օրը նույնպես պատահական չէ: Շինարարներին խանգարել է եղանակը, աշխատանքները տեղափոխել են, ու այնպես է ստացվել, որ երկնաքերն իր տանիքն ստացավ հենց այն օրը, երբ 2 տարի առաջ ամերիկյան հատուկ ուժերը ոչնչացրին «Ալ-Քաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենին, ում հետ է կապվում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը:











































