Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը հող է նախապատրաստում Սիրիայում՝ հյուսիսային Լաթաքիա նահանգի շուրջ գաճաճ պետություն ստեղծելու ուղղությամբ, որպեսզի այնտեղից հարձակումներ իրականացնի թուրքօմանների վրա։
Ընդգծվում է, որ Էրդողանն այդ հայտարարությունն արել է Անկարայում թուրք դեսպանների առջև ունեցած ելույթում. «Ռուսաստանն ասել է, թե Սիրիա է մտել այդ երկրի կառավարության հրավերով։ Ռուսաստանը Սիրիա է եկել ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, իսկ իրականում եկել է Ասադի վարչակարգին աջակցելու համար։
Ռուսաստանը չի պայքարում ԴԱԻՇ-ի դեմ, նա ձգտում է Լաթաքիայում ստեղծել իրեն ենթակա գաճաճ պետություն: Նա շարունակում է հարվածներ հասցնել մեր թուրքմեն եղբայրներին»։
Էրդողանը քննադատել է նաև Իրանին՝ հայտարարելով, որ Թեհրանը փորձում է ընդլայնել իր ազդեցության ոլորտն այնպիսի երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Իրաքը և Եմենը, որպեսզի այնտեղ հրահրի հակամարտություններ։









































