Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարան ձգտում է խույս տալ սիրիացի բազում փախստականների մահվան հարցում իր ուղիղ պատասխանատվությունից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Վերջինս այդ կերպ է մեկնաբանել հունվարի 6-ին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի այն ելույթը, որում նա Միջերկրական ծովով նավակներով Եվրոպա հասնել փորձող սիրիացի փախստականների մահվան պատասխանատվությունը դրել էր Ռուսաստանի վրա։
Զախարովան հայտարարել է. «Դավութօղլուն ոչ միայն հերթական անգամ մեր երկրին մեղադրել է «սիրիական վարչակարգին աջակցելու» համար, այլև ցինիկաբար փորձում է թուրքական ափերի մոտ սիրիացի փախստականների մահվան պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ-ի վրա։
Նման անհեթեթ մեղադրանքները ոչ այլ ինչ են, եթե ոչ այդ և շատ այլ սիրիացիների մահվան համար ուղիղ պատասխանատվությունն իր վրայից հանելու բուն Անկարայի ձգտում»։









































