ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասում է, թե 2015-ը բուռն տարի էր, և ինչ նպատակ որ դրել էին, իրականացել է:
Իսկ ի՞նչ նպատակ է դրել Հայաստանի իշխանությունը: Այդ իշխանության ներկայացուցիչը խոսում է անձնակա՞ն նպատակների իրականացման մասին, թե՞ հանրային, պետական: Բանն այն է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները խիստ արդյունավետ, հետևողական, նպատակասլաց, նախաձեռնող են անձնական նպատակների, ընտանեկան նպատակների իրականացման հարցում, կլանային նպատակների հարցում: Երբ բանը հասնում է պետական, հանրային նպատակներին, պարզվում է, որ դրանք չկան, շոշափելի չեն, կամ, այսպես ասած, մինիմալիզացված են:
Օրինակ՝ Վահրամ Բաղդասարյանն ասում է, թե հաջողվել է պահպանել կայունությունը՝ բարդ տնտեսական մարտահրավերների պայմաններում: Որ մարտահրավերները բարդ են եղել ու շարունակում են լինել այդպիսին, կասկածից վեր է: Բայց չգիտես ինչու այդ բարդ մարտահրավերների պայմաններում հանրությանը, պետությանը բաժին է հասնում կայունությունը՝ որպես նպատակ, այսինքն՝ եղածը պահելը, ցնցում ու փլուզում թույլ չտալը, իսկ ահա իշխանության անձնական, ընտանեկան, կլանային ուղղություններում նպատակները միշտ պրոգրեսիվ են՝ նրանց եկամուտներն աճում են, աճում են անձնական ձեռքբերումները, ընտանեկան, կլանային:
Ոչ ոք իհարկե դեմ չէ, որ իշխանության մեծ ու փոքր ներկայացուցիչներն ունենան այդպիսի ձեռքբերումներ, նրանց անձը, ընտանիքները լինեն ուրախ, երջանիկ, ապրեն բարվոք կյանքով: Խնդիրը դա չէ: Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էլ ունեն այդպիսի իրավունք, ընդ որում՝ ոչ միայն ոչ պակաս իրավունք, այլև ավելի շատ իրավունք, որովհետև Հայաստանի քաղաքացիները արդեն մոտ երկու տասնամյակ է՝ կրում են պետականության կայացման զրկանքները՝ ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների և նրանց ընտանիքների ու կլանների, որոնք երկու տասնամյակ է՝ քաղում են պետականության պտուղները:
Տնտեսական մարտահրավերներին ընդառաջ, դրանց ուժգնացմանը զուգընթաց, Հայաստանի իշխանությունը միանգամայն գիտակցաբար նվազեցրել է հանրային ու պետական նպատակները՝ անձնական նպատակների իրականացման հնարավորությունը մեծացնելու համար: Տնտեսական մարտահրավերների բնույթն ու ծավալն այնպիսին են, արդեն մի քանի տարի շարունակ, որ գործնականում անհնար է դարձնում երկու հարթություններում բարձր նպատակներ սահմանելը՝ նկատի ունենալով իշխանության բնույթը:
Հայաստանի իշխանությունը կառուցված է անձնական շահի վրա, դրա վրա է տարիներ շարունակ: Եվ եթե իշխանությունը մնում է այդ շահի վրա, ապա տնտեսության բարդ իրողությունների, մարտահրավերների, ինչ-որ իմաստով՝ սպառնալիքների պայմաններում անհնար է պահել անձնական, ընտանեկան, կլանային նպատակների բարձր նշաձող՝ միաժամանակ չիջեցնելով հանրային և պետական նպատակների անգամ դեկլարատիվ նշաձողը: Օրինակ՝ եթե 2008 թվականին Սերժ Սարգսյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարում էր, թե եկել է մեծ նպատակների, մեծ ծրագրերի ժամանակը, որովհետև դրանով նա պետք է լուծեր հասարակության հետմարտիմեկյան շոկի ճնշումը հաղթահարելու խնդիրը, ապա այժմ Սերժ Սարգսյանը ոչինչ չի հայտարարում, իսկ նրա նշանակած կառավարությունն էլ հայտարարում է, որ ոչ մի բարելավում սպասել պետք չէ, պետք է դիմանալ ու գոտիները ձգել: Ընդ որում՝ դա հասարակությանն է ասվում, որովհետև նույն այդ կառավարության անդամներից որևէ մեկը՝ սկսած վարչապետից, որևէ անցքով չի ձգել իր գոտին, որևէ մեկը չի վաճառել իր դղյակը՝ Մոնումենտում կամ որևէ այլ տեղ՝ ավելի համեստ և էկոնոմ կարգի տուն ձեռք բերելու համար, որովհետև տարին դժվար է և մարտահրավերներով լի: Գոտին պետք է ձգի հասարակությունը, որովհետև իշխանությունը կարիք ունի նույնիսկ թուլացնելու գոտին՝ քանի որ իշխանության գոտկատեղն արդեն սեղմում է:
Իհարկե, Հայաստանի իշխանությանը խորթ չէ մարդասիրությունը: Նրանց ներկայացուցիչները, հարազատները, բարեկամները, խնամիները բարեգործության այնպիսի սրտառուչ ակտեր են մատուցում հասարակությանը, որ չհուզվելը գործնականում անհնար է: Բայց, նաև հենց այդ ակտերին ականատես լինելու համար է պետք, որ հասարակությունը ձգի գոտիները: Այլապես ինչպե՞ս են այդ մարդիկ բարեգործություն անելու: Չէ՞ որ բարեգործության ռեսուրսը ուղիղ կապ ունի հասարակության ձգած գոտու հետ: Իսկ բարեգործությունը իշխանության նպատակներից մեկն է, թեև ավելի ճիշտ կլինի ասել, որ բարեգործության մասին ձոներգերն են նպատակը, որովհետև դրանք բարեգործությունից շատ ավելի ժամանակ ու տարածություն են զբաղեցնում:
Այդպիսով, տարին իսկապես բազմակողմանիորեն արդյունավետ էր իշխանության նպատակների իրականացման առումով: Պարզապես այդ նպատակները արդեն ոչ միայն կապ չունեն հանրային ու պետական նպատակների հետ, այլ հանրային ու պետական նպատակների հաշվին են իրականացվում՝ արդեն բազմապատիկ արագությամբ, քան նախկինում էր, քանի որ ռեսուրսներն այլևս նախկինը չեն:
Մյուս կողմից, հանրությանը թերևս ժամանակն է գալ գիտակցման, որ իշխանությունը հանրության և պետության հաշվին իր անձնական նպատակները անշեղորեն իրականացնելու է այնքան, որքան դա թույլ կտա հասարակությունը: Իսկ ինչպե՞ս թույլ չտալ: Այդ հարցի պատասխանին հասնելը թերևս պետք է լինի հասարակության առաջիկա գլխավոր նպատակը, և որքան շուտ իրականանա այն, այդքան ավելի կմոտենա արդեն հանրային և պետական նպատակների իրականացման հավանականությունը և հնարավորությունը:
Մի բան ակնհայտ է, որ այնպես, ինչպես փորձել է մինչ այժմ, հանրությունը հետագայում էլ չի կարող խանգարել իշխանության նպատակների իրականացմանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի









































