Արաբական պետությունների լիգան որոշել է դադարեցնել Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի անդամակցությունը կառույցին: Անդամակցությունը դադարեցված կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Սիրիայում անցումային կառավարություն չի ձևավորվել: Այս մասին ասվում է նոտայում, որն ուղարկվել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչության կողմից այլ երկրների առաքելություններին: Փաստաթղթի պատճենը հայտնվել է ITAR-TASS-ի տրամադրության տակ:
Նրանում Դամասկոսը ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է անում Գլխավոր ասամբլեայում դեմ քվեարկել արաբական երկրների կողմից պատրաստվող բանաձևի նախագծին, որով ազգային կոալիցիան ճանաչվում է որպես սիրիացի ժողովրդի օրինական ներկայացուցիչ:
Մարտին Դոհայում կայացած ԱՊԼ գագաթնաժողովում Սիրիայի տեղը տրվել էր ազգային կոալիցիային և, այսպես կոչված, «ժամանակավոր կառավարությանը»: Այժմ Դամասկոսը հաստատում է, որ Արաբական լիգան փոխել է իր որոշումը:
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցչությունը նշել է, որ իրականում ԱՊԼ քարտուղարությունը բանավոր նոտա է հղել իր անդամներին՝ ցանկություն հայտնելով դադարեցնել ավելի վաղ ընդունված որոշումը:










































