Պակիստանում մայիսի 11-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված Սադիկ Հաթաքն իր 3-ամյա որդու հետ սպանվել է Սինդ նահանգի մայրաքաղաք Կարաչիում: Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թհրիք-ի-Թալիբան Պակիստան» շարժումը: Այս մասին հաղորդում է Dawn թերթը:
Հաթաքն ազգային «Ավամ» կուսակցության անդամ էր: «Ավամը» և «Մութահիդա կոմի» (Միացյալ ազգային շարժում) կուսակցությունը նախընտրական հուզումների շրջանում ահաբեկիչների հիմնական թիրախն էին հանդիսանում:
Հաթաքի վրա հարձակվել են, երբ նա որդու հետ դուրս է եկել մզկիթից: Նա նախընտրական շրջանում սպանված արդեն երրորդ թեկնածուն է: Նախընտրական շրջանի հարձակումների փուլում արդեն սպանվել է 70 մարդ, ավելի քան 350-ը վիրավորվել են:






































