Այսօր Շարլ Ազնավուրի անվան հրապարակում կայացավ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ՀՅԴ եզրափակիչ հանրահավաքը: Հանրահավաքին ելույթ ունեցավ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այսօր տեսնում են՝ իշխող կուսակցության ցուցակի առաջին համարը, որը հավակնում է լինել քաղաքապետ, աշխատում է ցույց չտալ այն կերպարներին, որոնք կազմում են իր թիմը, իսկ ՀՅԴ-ն այս առումով հանգիստ է, արդար, ինքնավստահ:
«Ներկայացվեցին ՀՅԴ ցուցակի երեք թեկնածուները, որոնք կազմում են առաջին եռյակը, բայց եթե մենք շարունակենք ազգանունների ընթերցումը, կտեսնենք, որ բոլորն էլ նույն տեսակի մարդիկ են՝ կարգին, պարկեշտ, ո՛չ իրենց անունը, ո՛չ իրենց կուսակցության անունը, ո՛չ էլ Երևանը երբեք չխայտառակած մարդիկ: Սիրելի երևանցիներ, դուք պետք է գիտակցեք՝ գալիս է մի պահ, երբ երկրի մայրաքաղաքը պետք է ստանձնի պարտականությունը և երկիրը տանի առաջ: Լինում են պատմության մեջ պահեր, երբ որևէ երկրի մարզ առաջատարն է լինում պայքարի մի ճակատի վրա: Այդպիսի պահեր ապրել ենք քսան տարի առաջ և ողջ պատերազմի ընթացքում. ՀՀ սիրտը Ղարաբաղի լեռներում էր և դա հասկանալի էր, որովհետև ազատ, անկախ, միացյալ Հայաստան կերտելու այն մասը, որը վերաբերում էր միացյալ Հայաստան կերտելուն, այնտեղ էր, ու մենք բոլորս մեր եռամասն ու անբաժան դաշնակցականի կարգախոսի այդ մասին նվիրված էինք՝ գիտակցելով, որ ՀՀ-ի ճակատագիրը Ղարաբաղի լեռներում է կռվում»,- նշեց Վահան Հովհաննիսյանը՝ շարունակելով, որ այսօր ազատ Հայաստան կերտելու պատասխանատվությունը Երևանի վրա է: Նրա ընդգծմամբ՝ այստեղ՝ Երևանում, ժողովուրդը պետք է սկսի կերտել ազատ Հայաստանի սկիզբը:
Վահան Հովհաննիսյանի ամբողջական ելույթին ծանոթացեք տեսանյութի միջոցով:











































