ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին անցյալ օրերի ընթացքում «մի քանի անգամ» զրուցել է Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների հետ երկու երկրների միջև հակամարտությունը հարթելու համար: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:
«Պետքարտուղարը մի քանի հեռախոսազանգ է արել վերջին 24 ժամվա ընթացքում: Մի քանի անգամ նա կապի մեջ է եղել Սաուդյան Արաբիայի և Իրանի ներկայացուցիչների հետ»,- ասել է Քիրբին` ընդգծելով, որ Քերին «այսօրվա ընթացքում կշարունակի շփումները»:
«Ես կարող եմ ձեզ ասել, որ գլխավոր գաղափարը հանգստությունը վերականգնելն է և երկկողմանի կարգով իրավիճակը կարգավորելը»,- ասել է նա: Քիրբիի խոսքերով` ԱՄՆ-ը մտադիր չէ զբաղվել «միջադեպի հետաքննությամբ» կամ «քարոզներ կարդալ»:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան կիրակի օրը խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ:








































