ԴԱԻՇ արմատական խմբավորումը 2015 թվականի ընթացքում կորցրել է Իրաքում իր տրամադրության տակ եղած տարածքների 40, Սիրիայում՝ 20 տոկոսը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի պաշտոնական ներկայացուցչին։
Դեկտեմբերի կեսերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ամռանից խմբավորումը ոչ մի հաջող ցամաքային գործողություն չի իրականացրել ո՛չ Սիրիայում, ո՛չ էլ Իրաքում, ինչի արդյունքում տարածքներ է կորցրել։
ԴԱԻՇ-ն այսօր համաշխարհային անվտանգության գլխավոր սպառնալիքներից մեկն է։ Երեք տարում ահաբեկիչներին հաջողվել է զգալի տարածքներ գրավել Իրաքում և Սիրիայում, նրանք փորձում են իրենց ազդեցությունը տարածել Հյուսիսային Աֆրիկայում, մասնավորապես Լիբիայում։ Տարբեր գնահատականներով՝ ԴԱԻՇ-ի վերահսկած տարածքը հասնում է 90 հազար քառակուսի կմ-ի, անդամների թվաքանակը՝ 50-200 հազարի։










































