Վերջին 10 տարվա ընթացքում ինքնասպանությունների թիվը միջին տարիքի ամերիկացիների շրջանում կտրուկ աճել է՝ հաղորդում է The New York Times-ը:
Ինչպես նշում է պարբերականը, խոսքը բեբի-բումի մասին է, որը բախվել է տնտեսական հուզումներին և հասանելի է եղել ցավազրկող միջոցներին:
Հիվանդությունների պրոֆիլակտիկայի և վերահսկողության կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ վերջին շրջանում ավելի շատ ամերիկացի է մահանում ինքնասպանությունների հետևանքով, քան ՃՏՊ-ի:
«Ինքնասպանությունը համարվում էր դեռահասների խնդիր, և ինքնասպանությունների տարածումը միջին տարիքի ամերիկացիների շրջանում զարմանալի է»,- ասվում է հոդվածում:
Թերթը ներկայացնում է վիճակագրություն, որի համաձայն՝ 1999-2010թթ. ԱՄՆ-ի 35-64 տարեկանների շրջանում ինքնասպանության դիմած անձանց թիվն աճել է գրեթե 30%-ով:
Առավել կտրուկ տատանումներ են նկատվում 50 տարեկան տղամարդկանց (30%-50%) և 60-64 տարեկան կանանց (60%-ով) շրջանում:
Ինքնասպանության դիմելու պատճառները հաճախ բավական բարդ են, այդ իսկ պատճառով պաշտոնյաներն ու հետազոտողները դժվարանում են բացատրել, թե ինչն է ընկած այդ աճի հետևում՝ նկատում է NYT-ը:
Որոշ փորձագետների ենթադրությունների համաձայն՝ մարդիկ որոշում են հաշիվները մաքրել կյանքի հետ վերջին տարիների տնտեսական խնդիրների պատճառով: Պատճառներից են նաև լայն տարածում ստացած ուժեղ ներգործությամբ դեղամիջոցները:










































