Մարինա Պիկասոն՝ իսպանացի աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի թոռնուհին, իր անձնական հավաքածուից Փարիզում աճուրդի կհանի հայտնի պապի երկու նկարները՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտարարել է Sotheby’s աճուրդի տունը, աճուրդը տեղի կունենա հունիսի 6-ին:
Մարինա Պիկասոն առաջին անգամ է որոշել նման աճուրդ կազմակերպել: Մինչ այդ նա գեղանկարչի գործերը վաճառում էր իր ծանոթների միջոցով:
Աճուրդի եկամուտները կուղղվեն երեխաներին աջակցող բարեգործական ակցիաներին:
Փարիզում կվաճառվի «Մոխրագույն զգեստով նստած կինը» կտավը, որը ստեղծվել է 1943թ. օգոստոսի 31-ին: Կտավի նախնական գինը 2.5-3.5 մլն եվրո է: Կտավում մուգ գույներով պատկերված է Պիկասոյի մուսան՝ ֆրանսիացի նկարիչ ու լուսանկարիչ Դորան Մաարը:

Մյուս կտավը 1938թ. նկարված նատյուրմորտ է՝ «Ներկապնակ ու ցլի գլուխ»: Կտավն ստեղծված է յուղաներկով ու թանաքով:

«Դրա նախնական գինը 1-1.5 մլն եվրո է»,- հաղորդել են աճուրդի տանը:
Երկու կտավներն էլ մինչև աճուրդը կցուցադրվեն Նյու Յորքում, Մոսկվայում և Փարիզում:







































