ԱՄՆ իրավապահ մարմինները հրապարակել են ապրիլի 19-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում տեղի ունեցած օսկարակիր դերասանուհի Ռիզ Ուիզերսփունի ձերբակալման ամբողջական տեսագրությունը՝ հայտնում է hollywoodreporter.com-ը:
Հայտնի դերասանուհուն ու նրա ամուսնուն ոստիկանությունը կանգնեցրել էր ճանապարհային երթևեկության խախտումների և անսթափ վիճակով մեքենան վարելու կասկածանքով:
Դեպքի ժամանակ դերասանուհին իրեն ավելի քան անհարգալից է պահել ոստիկանների նկատմամբ և փորձել է բոլոր հնարավոր միջոցներով խուսափել ձերբակալվելուց:
«Ես ոչ մի հակաօրինական բան չեմ արել, իսկ ինձ հիմա ձեռնաշղթաներ են հագցրել ու կալանավորում են: Ես Ամերիկայի քաղաքացի եմ: Ինձ թույլատրվել է կանգնել ամերիկյան հողին: Դուք ի՞նչ է, նեղո՞ւմ եք ԱՄՆ-ի քաղաքացուհուն», – գոռում էր զայրացած դերասանուհին՝ ի պատասխան ոստիկանի հանգիստ ակնարկի:
Բացի այդ՝ Ուիզերսփունը ստել է՝ ոստիկանին ասելով, թե հղի է, ինչի մասին հետո խոստովանել է թոք-շոուի եթերում: Երեք երեխաների մայրը զղջացել է, որ այդքան տգեղ է իրեն պահել այն մարդու նկատմամբ, որը «պարզապես կատարել է իր աշխատանքը»:
«Ես այդ երեկո շատ էի խմել, տեսա, որ ամուսնուս կալանավորում են, ու պարզապես կորցրի ինքնատիրապետումս: Ես ասել եմ այնպիսի բաներ, որոնց համար ներկայում զղջում եմ: Ես շատ եմ ամաչում…. Ես դաս քաղեցի, նման բան այլևս երբեք չի կրկնվի»,- ասել է հայտնի գեղեցկուհին:
Նրա ամուսինը՝ Ջիմ Տոտը, ընդունել է ոչ սթափ վիճակում մեքենան վարելու մեղադրանքը: Հոլիվուդյան աստղի ամուսինը ընդունել է իր մեղքը ու դատապարտվել 40-ժամյա հասարակական աշխատանքի:
Ուիզերսփունը տուգանվել էր 213 դոլարով:











































