Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ պաշտոնից ազատել է Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին: Դեռևս ստույգ հայտնի չէ, թե որն է եղել այդ պաշտոնանկության պատճառը, բայց շրջանառվող տեղեկությունների համաձայն` այն կապ ունի ՀՔԾ-ի վարույթում գտնվող ինչ-որ գործերի հետ` Ս. Սարգսյանը նրա ուշադրությունն ինչ-որ գործի վրա է հրավիրել, բայց ՀՔԾ-ում բավարար ուշադրություն չեն դարձրել դրա վրա:
Հիշեցնենք, որ Ա. Միրզոյանը ՀՔԾ պետ է նշանակել 2007 թ. դեկտեմբերի 7-ին: Եվ hիշեցնենք, որ Ա. Միրզոյանի անունը մեծապես կապված է 2008 թ. մարտի 1-2-ի իրադարձությունների հետ, քանի որ այդ դեպքերի հետ կապված քրեական գործերը քննվում էին ՀՔԾ-ում:
Ա. Միրզոյանը ծնունդով Կոտայքի մարզի Արամուս գյուղից է, և վերջին համապետական ընտրությունների ժամանակ միշտ հրապարակումներ են եղել, որ նա իր գյուղացիներին ուղղորդել է ընտրել Ս. Սարգսյանին կամ ՀՀԿ-ին: Ա. Միրզոյանն Արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական է, իսկ իր մասնագիտական գործունեությունն սկսել է Կարելական ԱՍՍՀ Սեգեժա քաղաքում՝ աշխատելով Երկաթբետոնյա իրերի գործարանում՝ որպես իրավախորհրդատու:
Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1986-1987 թթ.՝ որպես ՀՍՍՀ դատախազի օգնական առանձին հանձնարարությունների գծով՝ ընդգրկվելով քննչական վարչությունում քննվող քրեական գործով կազմված քննչական խմբում:
1987-1993 թթ.՝ ՀՍՍՀ դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ
1993-1998 թթ.՝ ՀՀ դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ
1998-1999թթ՝ ՀՀ գլխավոր դատախազության քննչական մասի պետ, 1999-2007 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետ, ՀՀ դատախազության կոլեգիայի և ատեստացիոն հանձնաժողովի անդամ:








































