Եվրամիության հանդեպ բլոկի կազմում գտնվող երկրների բնակիչների վստահությունը հասել է սարսափելի ցածր մակարդակի: Ամենաշատ «եվրահոռետեսները» մայրցամաքի հարավային երկրների բնակիչներն են, որոնք հայտնվել են ծանր տնտեսական ճգնաժամում: Այդ երկրները ստիպված են սոցիալ-տնտեսական համակարգերի լայնամասշտաբ վերակառուցում իրականացնել:
ԵՄ-ի հանդեպ բնակչության վստահության մասին տվյալները ի հայտ են եկել European Councilon Foreign Relations (ECFR) գիտա-հետազոտական ինստիտուտի պատվերով անցկացված սոցհարցման արդյունքում՝ փոխանցում է Deutsche Welle-ն: Այսպիսով՝ Իսպանիայում ներկայում ԵՄ-ին վստահում է քաղաքացիների 20 տոկոսը, մինչդեռ 2009 թվականին ցուցանիշը կազմում էր 56 տոկոս: Իտալիայում ցուցանիշը 52 տոկոսից նվազել է՝ հասնելով 31 տոկոսի: Գերմանիայում ԵՄ-ի հանդեպ վստահությունը 2009-ից ընկել է 14 տոկոսով՝ հասնելով 30 տոկոսի: Ֆրանսիայում ցուցանիշն ընկել է 8 տոկոսով և այժմ կազմում է 34 տոկոս:
Միացյալ Եվրոպայի ինստիտուտների հանդեպ վստահության անկումը փորձագետները բացատրում են ԵՄ երկրների բնակիչների մտավախություններով՝ կապված ապագայի ու աշխատանքը կորցնելու վախի հետ:
Որպես հակազդման միջոց քաղաքագետները խորհուրդ են տալիս ժողովրդավարության ամրապնդման միջոցառումներ իրականացնել, որպեսզի եվրոպացիներն ունենան քաղաքական գործընթացների վրա ազդելու ավելի մեծ հնարավորություններ:







































