Ֆրանսիայում մայիսմեկյան ցույցերին մասնակցել է մոտ 100 հազար մարդ: Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, նման թվեր ներկայացրել է Ֆրանսիայի ՆԳՆ-ն:
Ֆրանսիայի համար սա աշխատավորների առաջին տոնն է իշխանության գլուխ սոցիալիստների գալուց ի վեր:
Պարադոքս է, որ եթե Նիկոլա Սարկոզիի իշխանության տարիներին խոշոր արհմիությունները հանդես էին գալիս Մայիսմեկյան միասնական ճակատով՝ կոչ անելով վերջ տալ իշխանությունների լիբերալ կուրսին, ապա այս անգամ նրանք բաժանվել են: Ամեն միավորում անցկացնում էր սեփական երթը:
Պատճառն, այսպես կոչված, մրցակցության ու զբաղվածության համաձայնագիրն է, որը կառավարությունը մշակել է՝ խթանելու Ֆրանսիայի աշխատաշուկան:
Հատկանշական է, որ բաժանումը տեղի է ունեցել ոչ միայն արհմիությունների, այլև իշխող քաղաքական կոալիցիայի շրջանում:
Մինչ մայիսի 1-ը Ֆրանսիայում գրանցվել է գործազրկության պատմական ռեկորդ: Վերջին տվյալների համաձայն՝ երկրում գործազուրկ է ավելի քան 3 մլն 200 հազար մարդ: Այս ֆոնին կառավարությանը քննադատել են կոմունիստները:
Ազգային ճակատը՝ Մարին Լե Պենի գլխավորությամբ, երեկ ցույց է կազմակերպել Փարիզի կենտրոնում՝ Պալե-Ռուայալ հրապարակում, որին մասնալցել է շուրջ 10 հազար մարդ: Նրա խոսքերով՝ սոցիալիստների գալով իրավիճակը երկրում ոչ մի կերպ չի բարելավվել, իշխանությունները շարունակում են կոշտ տնտեսության «անհեթեթ կուրսը», քանի որ ամբողջ ժամանակ զիջումների են գնում Բրյուսելի, Բեռլինի, Եվրահանձնաժողովի կամ ԵԿԲ-ի հետ հարաբերություններում:
Ապրիլին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վստահության վարկանիշը հասել է ռեկորդային ցածր ցուցանիշների: Հասարակական կարծիքի համաձայն՝ ֆրանսիացիների միայն 27 տոկոսն է վստահում երկրի ղեկավարին:







































