Ամերիկյան հսկաները շարունակում են պայքարել մեկը մյուսի դեմ` այս կամ այն ցուցանիշով առաջնություն ստանալու համար: Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում Microsoft-ի շահույթն աճել է 31%-ով: Սակայն այդ ընկերությունը վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ շահույթի ծավալներով զիջել է ամերիկյան մեկ այլ հսկայի՝ Apple ընկերությանը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Համաձայն ներկայացված հաշվետվության` Microsoft-ը ստացել է 5.23 մլրդ դոլարի շահույթ, իսկ Apple-ը` 5.99 մլրդ: Գործակալությունը նշում է, որ Microsoft-ի հիմնական ոչ եկամտաբեր արտադրանք է եղել Windows օպերացիոն համակարգը, որի վաճառքները կրճատվել են 4.4%-ով: Մեծ եկամուտներ չի ապահովել նաև Microsoft-ի և Yahoo!-ի միավորումը: Microsoft-ը հիմա ակտիվորեն աշխատում է պլանշետային համակարգչի ստեղծման վրա, որը կարող է մրցակցել Apple-ի iPad-ի հետ: