Ո՞ւմ համար եք բուրժուադեմոկրատական հեղափոխություն անում, բուրժուազիան արդեն ղեկի մոտ է: Այս կերպ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած բուրժուադեմոկրատական հեղափոխության մասին հարցին արձագանքեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:
Հարցին, թե կմիանա՞ հեղափոխությանը բուրժուազիայի կողմից, եթե սկսվի նման գործընթաց, նա ասաց, որ բուրժուադեմոկրատական հեղափոխության կոչն ով արել է, թող նա էլ պատասխանները տա, թե ով կմիանա և ում հետ:
«Ես ավագանու ինստիտուտի արշավին չեմ մասնակցում, ոչ մի դաշինքում չկամ, իմ անունը չկա ոչ մի ցուցակում։ Ովքեր ցուցակներում են, նրանք թող որոշեն միանալ այդ հեղափոխությանը, թե ոչ»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Վերջինիս կարծիքով՝ բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու գաղափարն անհեթեթ է: Ըստ նրա՝ 1990-ական թթ. հետո հասարակությունը տրանսֆորմացիայի է ենթարկվել: «Այսօր բուրժուական ձեռնարկատիրական դասակարգն իշխանության ղեկի մոտ է, ո՞ւմ համար եք հեղափոխություն անում: Ինքն ո՞ւմ է ցանկանում բերել: Վարչակարգերը կուգան ու կերթան, այդ բուրժական ձեռնարկատերերին սպասարկող քաղաքական սպասավորները կուգան ու կերթան: Ես նրա այդ հայտարարությունը որակել եմ անհեթեթություն»,- նշեց Դավիթ Հակոբյանը:









































