Բոլոր Boeing 787 Dreamliner ինքնաթիռները, որոնց թռիչքները կասեցվել էին տեխնիկական խնդիրների պատճառով, օդ կբարձրանան մեկուկես ամսվա ընթացքում՝ հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Ինքնաթիռների թռիչքները կասեցվել էին ամբողջ աշխարհում 2013թ. հունվարի կեսից, երբ ճապոնական ANA ընկերության չվերթը ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել մարտկոցների խափանումների պատճառով:
Հետաքննության անցկացումից, մարտկոցների վերամշակումից և մի շարք փորձնական թռիչքներից հետո ԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը (FAA) թույլ տվեց թռիչքներ իրականացնել:
Առաջինը կոմերցիոն չվերթները վերսկսեց Ethiopian Airlines-ը, որի պարկում կա 4 Dreamliner: Նրա Boeing 787-երից մեկը Ադիս Աբեբայից Նայրոբի էր թռչել ապրիլի 27-ին:
Ճապոնական ANA-ն թեստային թռիչք իրականացրեց ապրիլի 28-ին: Ամերիկյան United Airlines-ը հայտարարեց 6 ինքնաթիռների թռիչքների վերսկսման մասին մայիսի 31-ին:
Վերջինը թռիչքների վերսկսման մասին հայտարարեց Qatar Airways-ը, որի պարկում կա 7 Dreamliner:
CNN-ի տեղեկություններով՝ այս շաբաթ ընկերությունը կվերսկսի չվերթները Դոհայի ու Դուբայի միջև, իսկ Դոհայից Լոնդոն թռիչքները կվերսկսվեն մայիսի 15-ից:








































