Ռուսաստանը պարտվել է 21-րդ դարի սպառազինությունների ամենախոշոր տենդերում, որը վերաբերում էր Հնդկաստանին ՄԻԳ-35 ինքնաթիռների մատակարարմանը: Այս գործարքի գինը գնահատվում էր 10 մլրդ դոլար: Այս տենդերում պայքարը շարունակում են Rafale և Eurofighter Typhoon եվրոպական ընկերությունները: Ինչպես գրում է Коммерсант-ը, պարտված ընկերությունների շարքում են նաև հայտնի ամերիկյան Boeing Co. և Lockheed Martin ընկերությունները:
Թերթն ավելացնում է, թե այս պարտությունը նշանակում է, որ ռուսական բանակը նույնպես չի ստանա ՄԻԳ-35 ինքնաթիռներ: Հնդկաստանի պաշտպանության նախարարության կողմից ներկայացված մերժման նամակում նշվում է, որ կան 14 կետեր, որոնք պատճառ են հանդիսացել մերժման, այդ թվում՝ թերություններ են հայտնաբերվել նաև շարժիչներում:
Մինչ այդ ռուսական ընկերությունը համարվում էր ամենահավանական հաղթողներից մեկը: Դրա մասին հայտնում էր նաև ռուսական կողմը: