Մի քանի համազգային ամերիկյան հեռուստաալիքներ սպառնում են դադարեցնել հեռուստահեռարձակումը ԱՄՆ տարածքում: Նրանք հայտարարում են, որ Aereo ընկերությունը խախտում է իրենց հաղորդումների հեղինակային իրավունքները:
Եթե նախկինում անվճար հեռարձակման դադարեցման հնարավորության մասին հայտարարում էին միայն Fox-ն ու Univision-ը, ապա այժմ նրանց է միացել նաև ԱՄՆ-ում ամենահայտնի CBS հեռուստաալիքը:
CBS-ի տնօրեն Լես Մունվեսի խոսքով՝ իրենք կարող են հանրային հեռարձակումը դադարեցնել մի քանի օրվա ընթացքում: Իսկ եթե իրենք սկսեն հեռարձակել միայն մալուխային ցանցերով, ապա ամերիկացիների 10 տոկոսը կզրկվի իրենց հաղորդումները դիտելու հնարավորությունից:
Հեռուստաալիքները հաստատում են, որ Aereo-ն գողանում է իրենց ազդանշանը և այն վերավաճառում իր բաժանորդներին՝ ոչինչ չվճարելով իրենց, որոնք միլիարդավոր դոլարներ են ծախսում սերիալների արտադրության, լուրերի ու ժամանցային հաղորդումների վրա: Aereo-ն իր հերթին հաստատում է, որ ընդամենը վերահեռարձակում է ազդանշանը, ինչը ցանկացած մարդ, այսպես, թե այնպես, կարող է անվճար որսալ տնային ալեհավաքի օգնությամբ:






































