Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Իրանի դեսպան Ալի Ասղար Սոլթանիեն հայտարարել է, որ Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:
Սոլթանիեն այդ հայտարարությունն արել է Ժնևում՝ միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի 2015-ի գործողությունների քննարկման ամփոփիչ կոնֆերանսը նախապատրաստող հանձնաժողովի երկրորդ նստաշրջանի ժամանակ:
Նրա խոսքերով՝ ԱԷՄԳ-ի տնօրենների խորհրդի ու ՄԱԿ-ի քարտուղարության քննադատությունը, ինչպես նաև պատժամիջոցների կիրառումը կարող է հանգեցնել հիասթափության և նույնիսկ պայմանագրից դուրս գալու:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը, նրա արևմտյան դաշնակիցներն ու ԵՄ-ն ուշադրություն չեն դարձնում միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին:
Սոլթանիեն նշել է, որ ԱԷՄԳ-ը թույլատրում է պայմանագրի անդամ չհանդիսացող պետություններին միջուկային նյութերի և տեխնոլոգիաների արտահանում իրականացնել, ինչպես նաև համագործակցել այդ երկրների հետ՝ հավելելով, որ այդպիսի գործողությունները հրահրում են մասնակիցներին լքել պայմանագիրը:








































