Այսօր գերմանական Tages-Anzeiger թերթը հարցազրույց է հրապարակել ամերիկյան արտաքին քաղաքականության ձևավորման հայրերից մեկի, նախագահ Քարտերի ժամանակ ազգային անվտանգության խորհրդական Զբիգնև Բժեզինսկու հետ, որը հայտարարել է, որ «արաբական գարունն» այդ երկրներում իշխանության է բերելու Արևմուտքին դեմ ուժերի:
«Քաղաքական արթնացումը հավանաբար կհանգեցնի պոպուլիստական, այլ ոչ թե ժողովրդավարական ռեժիմների ձևավորման: Ժողովրդավարությունը դժվար գործընթաց է, որի զարգացման համար շատ ժամանակ է պետք: Եվ ավելի շատ ժամանակ՝ ամուր սահմանադրական ժողովրդավարության ձևավորման համար, այնինչ պոպուլիզմը միշտ էլ գրավում է զանգվածներին: Այդ պատճառով կարծում եմ, որ ռեժիմները, որոնց համար բնորոշ է աճող պոպուլիզմը, դժվար թե կիսեն ամերիկյան դիրքորոշումը, օրինակ, Մերձավոր Արևելքի խնդիրներում»,- ասել է Բժեզինսկին:
Նա կածիք է հայտնել, թե Եգիպտոսին և Թունիսին «դեռ բնորոշ է սոցիալական և տնտեսական հուսալքությունը, սակայն այնտեղ զգացվում է նաև հոռետեսական տրամադրությունների աճ, ինչը կապված է երկար տարիներ գաղութարարների կողմից արաբական երկրները իրենց ենթարկելու հետ, վերջին տարիներին դա վերաբերում է նաև ԱՄՆ-ին»:
Բժեզինսկին նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է հնարավորինս շատ աջակցություն ցուցաբերեն այս երկրներին ներքին կայունության և տնտեսական զարգացման հարցերում: Առաջին հերթին Արևմուտքը պետք է հարգալից վերաբերմունք ունենա ազգային արժանապատվության վերականգնմանը ձգտող երկրների հանդեպ և գաղութային անցյալի մնացուկների վերացման հարցում:
«Տեսանելի ապագայում պետք է թողնել բոլոր պատրանքները»,- ասել է Բժեզինսկին` ավելացնելով, թե անպայման չէ, որ այդ երկրները կվերածվեն եվրոպական փոքր ժողովրդավարությունների, Արևմուտքին բարեկամ պետությունների:
«Մենք պետք է իրատես լինենք և ընդունենք իրավիճակն այնպես, ինչպես կա: Մենք չպետք է տրվենք ո՛չ կույր հակաիսլամական թշնամանքին և ո՛չ էլ միամիտ սպասումներին, թե արաբական աշխարհում կծաղկի սահմանադրական ժողովրդավարությունը»,- նշել է նա:
Բժեզինսկին անդրադարձել է նաև Իրանի հարցին` ասելով, որ Իրանի ազդեցությունը չի փոխվի այս հեղափոխությունների արդյունքում, քանի որ ավանդաբար իսլամական աշխարհում Իրանի շահերը բախվել են շիականության և սունիականության հակասություններին. «Ընդհանուր առմամբ իրանական աստվածապետական ռեժիմի ազդեցությունն արաբական աշխարհում բավական սահամանափակ է»:
Բժեզինսկին նաև վատատես է մերձավորարևելյան հակամարտության հարցում` կարծելով, որ ժամանակի ընթացքում այն ավելի դժվար կլինի կարգավորել: «Միջազգային հանրությունը պետք է աջակցի այս գործըթնացին, ընդ որում՝ ոչ թե հռետորաբանությամբ, այլ գործնական մասնակցությամբ»,- եզրափակել է նա:










































