Իրավապաշտպան, Ավետիսյանների գործով տուժողի իրավահաջորդ Արթուր Սաքունցը հակված չէ հավատալու, որ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին դաժանությամբ սպանած Պերմյակովի՝ սպանություն կատարելու հիմնական դրդապատճառը եղել է նրա սատանիստ լինելու հանգամանքը, ինչի մասին հայտարարություն եղավ առաջին դատական նիստին։
Սաքունցի խոսքով, եթե նույնիսկ ընդունենք, որ Պերմյակովը սատանայի հետ պայմանագիր է ունեցել և դրանից դրդված կատարել է սպանությունը, ամբողջությամբ չի բացահայտում սպանության դրդապատճառները, որոնք, ըստ իրավապաշտպանի, տանում են դեպի ռազմաբազայում ունեցած խնդիրները։
Մինչդեռ իրավական հոգեբան Անի Ապիտոնյանը, ով գործով փորձագետ չէ, չի բացառում կրոնական դրդապատճառներով սպանության գնալը։
Հոգեբանի խոսքով, սակայն, նման հոգեվիճակում գտնվող մարդը հոգեպես առողջ համարվել չի կարող, անձի գիտակցությունը նման դեպքերում մթագնած է լինում։ Սակայն Պերմյակովը, հիշեցնենք, մեղսունակ է ճանաչվել։
Ամեն դեպքում Արթուր Սաքունցը չի կարծում, որ Պերմյակովի սատանիստ լինելու փաստը կարող է ամբողջովին փոխել քրեական գործի ընթացքը։