Ինդոնեզիայի պետական դպրոցներից մեկի բարձր դասարանի աշակերտուհիներին մեղադրում են իսլամին վիրավորանք հասցնելու մեջ: Նրանց կարող է սպառնալ անչափահասների գաղութում բանտարկություն: Դրա պատճառը YouТube-ում տեղադրված 5 րոպեանոց տեսանյութն է: Տեսանյութում աղջիկները նամազը զուգակցում են ամերիկյան Maroon 5 խմբի երգացանկի One More Night դեռահասների հիթի հետ:
Տեսանյութը հայտնվել է ուսումնական հաստատության տնօրենի ձեռքին, որն այդ դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը: Աղջիկներին հեռացրել են դպրոցից՝ թույլ չտալով մասնակցել ավարտական քննություններին, հաղորդում է New York DailyNews-ը:
Անձամբ աշակերտուհիներն իրենց վարքը բացատրել են դասամիջոցներին փոքր-ինչ ցրվելու մտադրությամբ:
Նախ՝ նրանք կարդում են անհրաժեշտ աղոթքները, ապա հնչում է սիրելի երաժշտությունը, ու աղջիկները ծիծաղելով սկսում են պտտվել, ցատկել, թափահարել մազերը՝ նմանակելով տեսանյութի կատարողին:
Տեսանյութը փոխանցվել է հեռախոսից հեռախոս, ապա հայտնվել նաև YouТube-ում, որտեղ այն դիտել է ավելի քան 500 հազար մարդ:








































