Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հարցրեց` ի՞նչ ունենք, և ի՞նչ անենք: Նա ասում է, որ ունենք սոցիալական և քաղաքական վիճակից դժգոհող ժողովուրդ, որի վիճակն օրեցօր վատանում է: «Ունենք նշանակալից ընտրակեղծիքներով ձևավորված իշխանություն, որն ունի ներքին ու արտաքին շատ խնդիրներ, որոնք չի կարողանում կամ չի ուզում լուծել: Բայց ինչպես վերջին մի քանի օրերը ցույց տվեցին, փորձում է, սակայն դրանք շատ քիչ են, այդ քայլերը: Ունենք նաև միավորված ընդդիմություն, ի դեմս Կոնգրեսի: Ունենք երկու հակամարտող ուժ` իշխանությունն ու ժողովուրդը` ի դեմս ՀԱԿ-ի: Թվում է, որ ամբողջ քաղաքական դաշտը պետք է ցանկանար, որ այդ երկու ուժերը գտնեն իրավիճակի խաղաղ ելք:
Բայց այդպես չէ, որովհետև մի շարք իշխանական անհատներ, իշխանություն ունեցած անհատներ, դրանից կորցնելու են իրենց ազդեցությունը, քաշը: Հետևաբար, ինչ անենք: Առաջին, ամրագրենք, որ այդ անհատները և ուժերը 2003 թվականից մեզ մեղադրել են անհետևողականության մեջ, հետևաբար այս անգամ նրանց այդ հնարավորությունը չտանք: Մեր հետևողականությունն է, որ Հայաստանը ոտքի է կանգնեցնելու: Հասկանալու և հավատալու հարցում աննախադեպ, նախանձելի համախմբվածության ենք հասել, և միայն դա է, որ պարտադրելու է վաղը բացել բանտերի դռները մեր քաղբանտարկյալ ընկերների առաջ: Միայն այդ համախմբվածությունն է, որ մարտի մեկ ու հոկտեմբերի քսանյոթ բացահայտելու որակներ ունեցող հասարակություն է
ձևավորելու:
Հետևաբար ունենք մի ելք, մեր համախմբվածությամբ, համբերությամբ և հավատով իշխանությանը պարտադրելու, միապետությունը հանրապետության վերածելու: Ուզում է իշխանությունը, թե ոչ, հեղափոխությունն անխուսափելի է, որովհետև աշխարհը, քսանմեկերորդ դարն է այդպիսին: Իշխանության պահվածքը ցույց է տալիս, որ նրանք հասկացել են, որ արյունով իշխանություն պահելն անհեռանկար ու վտանգավոր է: Ես շատ կուզեի, որ գործող նախագահը դա հասկանար, որովհետև իմ եղբայր և նրա ընկեր Վազգենը ասում էր, որ կան հարցեր, որոնք ագովի են լուծվում, և առանձին լուծելով կորուստներ կունենանք»:








































