Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ ընթանում է «Արմավիր բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն, 63-ամյա Նշան Գևորգյանի գործի դատավարությունը:
Ըստ մեղադրանքի՝ Նշան Գևորգյանը բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման իր մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: 2010 թվականի հուլիսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում իմանալով, որ նույն օրը, ժամը 17-ն անց 05 րոպեին Արմավիր բժշկական կենտրոն ընդունված մանկահասակ հիվանդ Հովհաննես Հովհաննիսյանի առողջական վիճակը վատացել է, հիվանդին Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխելու համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն տնօրեն Գևորգյանն անթույլատրելի կերպով երեխայի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով, ինչի հետևանքով Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Այսինքն, ըստ նախաքննական մարմնի, Նշան Գևորգյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք:
Այնուհետև, ըստ մեղադրանքի, Նշան Գևորգյանը, որպես պաշտոնատար անձ շարունակելով ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունների ոչ պատշաճ կատարումը, ընկերության շտապ բուժօգնության ծառայության աշխատանքները ճիշտ չկազմակերպելով՝ ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել, ինչի արդյունքում 2010 թվականի դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը շտապ բժշկական օգնության ծառայության հերթապահ բրիգադը բենզին չունենալու պատճառաբանությամբ Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանի հարազատների՝ 00 ժամ 46 րոպեի հեռախոսականչով, հիվանդ Խլղաթյանի առողջական վիճակին սպառնացող վտանգի պարագայում, հիվանդին չի այցելել, շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել, և դրա հետևանքով Վռամ Խլղաթյանը մահացել է:
Այսինքն, ըստ նախաքննական մարմնի, Նշան Գևորգյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք:
Այնուհետև, ըստ մեղադրանքի, իր պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելով, բժշկական կենտրոնի աշխատակիցների պահանջների պայմաններում Նշան Գևորգյանն իր ղեկավարած կենտրոնը չի ապահովել մանկական լարինգոսկոպով և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով, ու երբ 2011 թվականի հունվարի 1-ին Արմավիրի ԲԿ մանկական բաժանմունք ընդունված մանկահասակ հիվանդ Արտաշես Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բուժօգնություն ցուցաբերելու լիարժեք հնարավորություն կենտրոնը չի ունեցել, ինչը, ըստ մեղադրանքի, որպես ԲԿ տնօրեն Նշան Գևորգյանի կողմից թույլ տրված կազմակերպչական բնույթի թերություն, անզգուշորեն առաջացրել է հիվանդի մահը:
Այսինքն, ըստ նախաքննական մարմնի, Նշան Գևորգյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք:
Հանցագործության առաջին դրվագից մինչև երկրորդ դրվագը բավական ժամանակ է անցել՝ մոտ հինգ ամիս: Հնարավոր է, որ եթե առաջին դեպքից՝ երեխայի մահից հետո պատկան մարմինները ուշադրություն դարձնեին Արմավիր բժշկական կենտրոնի տնօրենի աշխատանքում տեղ գտած թերությունների վրա, կամ տնօրենն անհրաժեշտ հետևություններ կաներ, կամ ավելի վաղ կբարձրացվեր նրա պատասխանատվության ու պաշտոնից նրան ազատելու հարցերը:
Չէ՞ որ մարզային բժշկական կենտրոնի տնօրենը միահեծան ղեկավար չէր, հարկավ՝ վերադաս ուներ, վերահսկողություն իրականացնելու կոչված ինչ-ինչ օղակներ պիտի որ լինեին:
Մի՞թե երեք մարդ, այդ թվում՝ երեխաներ, կյանքից պիտի զրկվեին, որ նոր միայն եզրակացություն արվեր, թե բժշկական կենտրոնի տնօրենն իր պարտականությունները պատշաճ չի կատարում ու դրանով վտանգավոր իրավիճակ է ստեղծում կենտրոն դիմող հիվանդների համար:
Նշան Գևորգյանի դատավարությունը պիտի որ զգոնության կոչի հանրապետության մյուս բուժհիմնարկների ղեկավարներին:
Շատ ցավալի է, որ մարդկային կյանքեր, հատկապես երեխաների կյանքեր չեն փրկվում բժշկական սխալի կամ, որ առավել դատապարտելի է, բուժօգնության կազմակերպական աշխատանքներում տեղ գտած թերությունների պատճառով: Իսկ նկարագրված թերությունները դժվար թե ամբողջ հանրապետությունում հատուկ լինեն միայն Արմավիրի բժշկական կենտրոնին:
Լուսանկարը՝ hetq.am-ի










































