Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ հաքերները կատարելագործում են իրենց հմտություններն ու մտածում տարբեր ինտերնետ ռեսուրսները կոտրելու նոր միջոցներ: Հայտնի է դարձել, որ Twitter միկրոբլոգների ծառայությունը պատրաստվում է երկաստիճան պաշտպանություն ներմուծել իր օգտահաշիվների համար: Երկրորդ աստիճանը ծածկագրի ներմուծումն է, որը կստացվի բջջայինի վրա կայք մուտք գործելու փորձի ժամանակ: Այս մասին հայտնում է megaobzor.com-ը:
Անցած տարիները ցույց են տվել, որ հաքերները հանգիստ չունեն: Միայն 2013-ին նրանք հարձակումներ են գործել շուրջ 40 ամերիկյան ընկերությունների վրա, այդ թվում՝ Facebook-ի, Twitter-ի և Apple-ի:
Մի քանի օր առաջ տեղի ունեցած հարձակումը, երբ հաքերները կոտրեցին Twitter-ում Associated Press-ի օգտահաշիվն ու կեղծ տեղեկություն տեղադրեցին Սպիտակ տանը տեղի ունեցած պայթյունների ու Օբամայի վիրավոր լինելու մասին՝ կաթվածահար անելով ողջ բորսային շուկան, շատ սոցցանցեր սկսեցին լրջորեն մտածել օգտահաշիվների պաշտպանության մասին:









































