Նյու Յորքում հաջորդ շաբաթ կվերսկսեն այն մարդկանց մնացորդների որոնումները, ովքեր 2001թ.-ի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհ են դարձել: Նման որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ նախօրեին գտնվեց Համաշխարհային առևտրի կենտրոնի երկվորյակ աշտարակների մեջ մխրճված ինքնաթիռներից մեկի բեկորը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Բժշկական փորձագետները ծրագրում են զոհված մարդկանց մնացորդների որոնումները սկսել առաջիկա երեքշաբթի: Այժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքներ»,- ասել է Նյու Յորքի բժշկական փորձագիտության կենտրոնի ներկայացուցիչ Էլեն Բորեյկովը: Նա հավելել է նաև, որ Մանհեթենի ներքին հատվածը, որ 2 կմ հեռավորության վրա է ոչնչացված երկվորյակ աշտարակներից, շրջափակված է ոստիկաններով:










































