Մեծ Բրիտանիան հետ է կանչել արքայազն Ուիլյամի հարսանեկան հրավերը Սիրիայի համար` պատճառաբանելով դա այդ երկրում խաղաղ ցուցարաների դեմ կիրառված բռնի ուժով: Մեծ Բրիտանիայի կառավարության որոշումը ստացել է Բուքինգհեմյան պալատի հավանությունը:
Հիշեցնենք, որ հարսանիքը կայանալու է ապրիլի 29-ին, և հրավերի` վերջին պահին հետ կանչումը պայմանավորված է որոշ իրավապաշտպան կազմակերպությունների և ընդդիմադիր կուսակցությունների քննադատությամբ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Սիրիայի անվտանգության ծառայությունների կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակման պատճառով երկրի արտաքին գործերի նախարարը համարել է, որ Սիրիայի դեսպանի ներկայությունը թագավորական հարսանիքին անընդունելի է», հայտարարել է արտգործնախարարության մամուլի քարտուղարը: «Բուքինգհեմյան պալատը կիսում է նախարարության կարծիքը այն մասին, որ Սիրիայի դեսպանը այն անձն է, որը չպետք է ներկա գտնվի հարսանիքին»: