Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ` երեկ Ստամբուլում հողին են հանձնել ապրիլի 24-ին Բաթման նահանգի Քոզլուք շրջանում Ժանդարմերիայի զորքերում ծառայող հայազգի Սևալ Բալըքչըի դին:
Հոգեհանգստի արարողությունը կատարվել է Ստամբուլի Ֆերիքյոյի շրջանում գտնվող հայկական եկեղեցում: Այն իրականացրել է Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի առաջնորդ, վարդապետ Թաթուլ Անուշյանը:
Սգո արարողությանը մասնակցել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում` նաև ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության գծով գլխավոր բանագնաց, պետնախարար Էգեմեն Բաղըշը, 3-րդ կորպուսի հրամանատար Հուլուսի Աքարը, Ժանդարմերիայի տարածաշրջանային հրամանատար, գեներալ-մայոր Իբրահիմ Յաշարը և այլոք:
Սևակի մայր Անի Բալըքչըն ցանկություն է հայտնել տեսնելու հրազենի օգնությամբ իր որդուն «ազնգուշաբար» սպանած ծառայակցի աչքերը` ընդգծելով, որ դրանք իրեն կպատմեն իրական եղելության մասին:
Էգեմեն Բաղըշն իր հերթին նշել է. «Ես այստեղ եմ, որպեսզի հայտնեմ կառավարության խորին ցավակցանքը: Մեզ համար «տարբերություն չկա», թե սպանվածը թուրք է, հայ կամ քուրդ: Մենք «ոչ մի» խտրականություն չենք դնում»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ժանդարմերիան հայտարարել էր, թե Սևակը սպանվել է իր ծառայակցի կողմից, ինչը, սակայն, տեղի է ունեցել զենքի հետ «անզգույշ» վարվելու պատճառով.
«Դատաբժշկական փորձաքննությունը նույնպես հաստատել է դա` «միտում չտեսնելով» Սևակի սպանության մեջ: Դրա համար էլ դատարանը վճռել է ազատ արձակել Սևակին «անզգուշաբար» սպանած նրա ծառայակցին»: