27-ամյա Բրայան Թագալոգը ծնվել է առանց ձեռքերի, բայց թույլ չի տվել, որ այդ թերությունն իրեն խանգարի նորմալ կյանք վարել՝ հայտնում է odditycentral.com-ը: Նա սովորել է ոտքերով լուծել կենցաղային խնդիրները, վարել ավտոմեքենա և ինքնաթիռ և նույնիսկ զբաղվել դաջվածքների դիզայնով: Երիտասարդը հավատում է, որ ինքը աշխարհի միակ առանց ձեռքերի դաջվածքի վարպետն է:
Ծնունդով Հավայան կղզիներից Բրայանը ընտանիքի հետ տեղափոխվել է Արիզոնայի նահանգի Թուսոն քաղաք, որտեղ հաճախել է Sunnyside High School դպրոցը, այնուհետև սովորել է Արիզոնայի համալսարանում: Նա միշտ հետաքրքրվել է նկարչությամբ և որոշել է դառնալ դաջվածքների պրոֆեսիոնալ ստեղծող: Նա համառորեն հղկել է ոտքով նկարելու իր ունակությունը, և երբ մորեղբայրը նրա համար գնել է դաջվածքի առաջին գործիքը, նա սովորել է այն ղեկավարել իր ոտքի մատներով՝ այնքան լավ, որքան ուրիշները՝ ձեռքով:
Բրայանը հույս ունի, որ իր հաջողությունը մյուսներին կոգևորի իրենց երազանքները իրականություն դարձնելու, ինչքան էլ դժվար լինի դրանց հասնելը: «Գնացեք դրանց հետևից և երբեք մի հանձնվեք: Ամեն ինչ հնարավոր է ցանկացած մարդու համար»,- ասում է նա:











































