Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ, Արևմտյան մամուլը հեղեղված է վարչապետ Էրդողանի կողմից «հրեշավոր» անվանված և հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող Կարսի հուշարձանի ապամոնտաժման մասին լուրերով: Դրանցում գերակշռում է «Թուրքիան ոչնչացնում է բարեկամության հուշարձանը» մոտիվը:
AFP (Agence France-Presse) – Իսլամական արմատներով վարչապետ Էրդողանը հուշարձանը «հրեշավոր» անվանելուց հետո մեծ քննադատության արժանացավ: Ոմանց պնդմամբ` դրանով նա ցանկանում է խորհրդարանական ընտրություններից առաջ գոհացնել թուրք ազգայնականներին:
AP (Associated Press) – Թուրքիան սկսել է ոչնչացնել Հայաստանի հետ բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը: Այն փրկելուն ուղղված թուրք արվեստագետների ջանքերը բավարար չեղան: Նախորդ շաբաթ նրանցից մեկն անգամ դանակահարվեց:
Wall Street Journal – Շաբաթվա վերջին վարչապետ Էրդողանը խոսում էր հայ-թուրքական սահմանի վերաբացումից ու երկու հարևան երկրների հարաբերությունների բարելավումից, սակայն հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանն ապամոնտաժելու նրա հրամանը վկայում է այդ ամենի սին լինելու աստիճանի մասին:
The Independent – Բարեկամության ձեռքը հետ է քաշվում։
Liberation – Հայ-թուրքական բարեկամությունը բաժան-բաժան է արվում:
Guardian – Հուշարձանի թուրք քանդակագործն անհանգստացած է «մարդկության հուշարձանի» վրա ստվեր գցելուց:
Հիշեցնենք, որ հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները մեկնարկել են ապրիլի 24-ին:







































