Լվովի քաղաքային խորհուրդն արգելել է քաղաքի տարածքում «օկուպացիոն» խորհրդային և նացիստական խորհրդանշանների կիրառումը: Ինչպես հաղորդում է ZAXID.NET-ը, հօգուտ այդ որոշման քվեարկել են 70 պատգամավորներ: Ընդհանուր առմամբ Լվովի քաղաքային խորհրդի կազմում ներառված է 90 պատգամավոր և քաղաքապետը:
Արգելքի վերահսկման պատասխանատվությունը դրվել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյի և քաղաքի ոստիկանապետ Սերգեյ Զյուբանենկոյի վրա:
«Սվոբոդա» համաուկրաինական միավորման ներկայացուցիչ Լյուբոմիր Մելնիչուկի խոսքով՝ որոշումն ընդունվել է մայիսի 8-9-ը Լվովում սադրանքներ թույլ չտալու նպատակով: Մայիսի 8-ին նշվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակի օրը, իսկ մայիսի 9-ը Հաղթանակի օրն է:
Լվովի կոմունիստներն արդեն հայտարարել են, որ մտադիր են տոնակատարություններին մասնակցել հաղթանակի կարմիր դրոշով:
Վերջին մի քանի տարիներին քաղաքի իշխանությունները փորձում են ներմուծել այդ արգելքը: 2011-ին արգելքը բողոքարկվել էր դատախազության կողմից: Այդ ժամանակ մայիսի 9-ի տոնակատարություններն ուղեկցվել էին ազգայնականների և ձախ ուժերի ընդհարումներով, որոնց պատճառը միջոցառումների ժամանակ կարմիր դրոշների առկայությունն էր:
2012-ին էլ տեղի իշխանությունների որոշումը կասեցրել էր Լվովի շրջանային դատարանը: