Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երկուշաբթի անվտանգության նկատառումներով չհայտարարված այցով ժամանել է Իրաքի մայրաքաղաք Բաղդադ։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
Գործակալության հաղորդմամբ՝ արտգործնախարարն Իրաքին խոստացել է Գերմանիայի աջակցությունը ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ պայքարում։
«Իրավիճակի կայունացումն Իրաքում նույնքան կարևոր է, որքան Սիրիայի համար քաղաքական լուծման որոնումը»,- հայտարարել է Շտայնմայերը ժամանումից անմիջապես հետո՝ նշելով, որ Գերմանիան պատրաստ է օգնություն ցուցաբերել Իրաքին ծանր ժամանակներում։
Նախարարի ծրագրերի մեջ է մտնում հանդիպումն Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի և վարչապետ Հայդեր Ալ-Աբադիի հետ։
Ուրբաթ Բունդեստագը ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել Գերմանիայի կառավարության մտադրությունը՝ Սիրիայում ԴԱԻՇ-ի ահաբեկչների դեմ պայքարում ֆրանսիացի գործընկերներին աջակցելու վերաբերյալ։









































