Աշխարհում մայրերի մահվան դեպքերը մեծ մասամբ տեղի են ունենում հետծննդյան 24 ժամերի ընթացքում: Այդ ողբերգություններից շատերը կապված են այնպիսի պատճառների հետ, որոնք հնարավոր է կանխել, հայտնում է cripo.com.ua-ն:
Այդ մասին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), որտեղ այսօր զեկույց է հրապարակվել անվտանգ ծնունդների ապահովման և մահվան դեպքերից խուսափելու միջոցառումների մասին:
ԱՀԿ-ում նշում են, որ տարեկան 130 միլիոն ծնունդներից 303 հազարը ավարտվում է մայրերի մահով, 2.6 միլիոնը ծնվում են մահացած, և ևս 2.7 միլիոնն ավարտվում է նորածինների մահով՝ ծնվելուց հետո առաջին 28 օրվա ընթացքում: Այդ դեպքերի մեծ մասը տեղի է ունենում սահմանափակ պաշարներով հիմնարկություններում, որոնք հաճախ չեն ունենում նույնիսկ որակյալ մանկաբարձներ:
ԱՀԿ-ում հույս են հայտնել, որ անվտանգ ծնունդների վերահսկիչ միջոցառումների ցուցակը կօգնի բժշկական անձնակազմին յուրաքանչյուր ծնունդի դեպքում պահպանել հիմնական ստանդարտները: Ցուցակը ներառում է բժշկական օգնության տարբեր շրջաններ` սկսած հիվանդանոց ընդունվելուց մինչև դուրս գրվելը:










































