Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հանդես կգա մոտ 900 դիտորդներով Հանրապետության ողջ տարածքում՝ դիտորդների ներկայությունն ապահովելով Հայաստանի բոլոր մարզերում ու Երևանի բոլոր վարչական շրջաններում: Ինչպես տեղեկացրեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, մի շարք կամավորներ դեռևս միանում են քաղաքացի դիտորդ նախաձեռնությանը դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:
Դիտորդների կազմում են ներգրավվել նաև միջազգային գործընկերներ, որոնց չի հաջողվել ստանալ հավատարմագրում: Սոնա Այվազյանի խոսքով պատճառը ԱԳՆ-ի և ԿԸՀ-ի ոչ կորդինացված աշխատանքն է եղել:
«Իրավունքի Եվրոպա միավորման» նախագահ Լուսինե Հակոբյանն իր խոսքում անդրադարձավ արձանգրված խախտումներին: Դրանց թվում առանձնացնելով քարոզչության հավասար պայմանների խախտումները, մասնավորպես հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդման վարող է Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով հանդիսանում է նաև Այո-ի կոմնակից: Լուսինե Հակոբյանի խոսքով այլ հեռուստաընկերություններով հեռարձակվող հաղորդումներում ևս չի ապահովվում քարոզչական հավասար պայմաններ. հեռուստատեսային հաղորդումների ընթացքում մեկնաբաններն ավելի շատ ձայնի ու եզրափակիչ խոսքի իրավունք են ընձեռում իշխանական թևի ներկայացուցիչներին:







































