«Մենք միասնական ենք մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում միջնորդական հանձնառությանը»,- նման հայտարարությամբ են հանդես եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Եվրոպայի հարցերով Ֆրանսիայի պետքարտուղար Հարլեմ Դեսիրը համատեղ հայտարարությունում, որը տարածվել է նրանց կողմից Բելգրադում ԵԱՀԿ անդամ երկրների նախարարական խորհրդի հանդիպման արդունքներով։
Համանախագահները նշել են նաև, որ ողջունում են Ադրբեջանի նախագահի՝ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի կարծիքով՝ այդ հայտարարությունը ռուս-թուրքական կոնֆլիկտի հետ կապված նոր իրավիճակ է ստանում:
«Թուրքիայի կողմից շանտաժը շատ պարզ է,- ասում է Սարգսյանը։ Թուրքիան կփորձի օգտագործել Ղարաբաղը՝ Ռուսաստանին ցույց տալու համար, որ ի հակադարձում Սիրիայի, այստեղ կարող է ռազմաճատ ստանալ»:
Մանվել Սարգսյանն ընդգծում է՝ ոչ ոք չգիտի, ինչ կլինի՝ կլինի՞ արդյոք հանդիպում, թե՞ ոչ, շատերը նշում էին դեկտեմբերի 1-ին Փարիզում, բայց չեղավ։
ԼՂ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հավասարակշռված է։ Բաբայանի կարծիքով՝ ամենակարևորն այն է, որ համանախագահները հիմնական շեշտը դնում են խաղաղ կարգավորման վրա: Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունը Բաբայանը կապում է հենց այս հայտարարության հետ։
Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպման հետ կապված առանձնապես լավատես չեն ո՛չ Հայաստանում, ոչ էլ Ռուսաստանում։ Փորձագետ Մանվել Սարգսյանը նույնիսկ կասկածում է, որ այդպիսի հանդիպում կլինի։
Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը ևս լիահույս չէ, թե հանդիպման ընթացքում որևէ կոնկրետ առաջարկ կքննարկվի։ Նա նաև անհավանական է համարում, որ Թուրքիան, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հարված կհասցնի Ռուսաստանին։
«Դժվար թե Թուրքիան այդպիսի քայլ անի: Կարծում եմ, որ թուրքերն այժմ ուզում են առավելագույնս թուլացնել լարվածությունը և չեն սրի իրավիճակը: Հասկանալի է, որ հաշվի առնելով Էրդողանի էքսցենտրիկ բնավորությունը՝ հնարավոր են նաև այլ սցենարներ, բայց մյուս կողմից՝ թուրքական հասարակությունը մեծ ճնշում է գործադրում նրա վրա, որպեսզի նա նվազեցնի Ռուսաստանի հետ լարվածությունը:
Ռուսաստանի պատասխանը Թուրքիային կարող է լինել համաչափ կամ անհամաչափ»:
Իսկ հնարավո՞ր է, որ Թուրքիան սադրանքներ կազմակերպի Հայաստանի հետ սահմանին հարցին ի պատասխան Սկակովն արձագանքեց, որ դժվար նման բան լինի։






































