Հայ ազգային կոնգրեսի ԱՄՆ գրասենյակը երեկ հայտարարություն էր տարածել` ուղղված հայաստանցի հայրենակիցներին, որում կոչ էին արել իրենց դերակատարությունն ունենալ Հայաստանի ապագայի կերտմանը` մասնակցելով այսօր կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին: «Համաժողովրդական շարժման ձեր հետևողական մասնակցությունից է կախված Հայաստանի ապագան: Այսօր մենք այն բանի ականատեսն ենք դառնում, թե վարչակազմն ինչպես է քայլ առ քայլ ընկրկում ձեր աննկուն կամքի առաջ: Մի կասկածեք, որ վարչախումբը հետ է կանգնելու հասարակական պահանջը կատարելուց, եթե տեսնի, որ նվազում է համաժողովրդական շարժման ճնշումը: Ապրիլի 8-ի բազմահազարանոց հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը հաջորդ հանրահավաքը բնորոշեց որպես կա՛մ իշխանության և հասարակության երկխոսության սկզբնավորում, կա՛մ էլ վերջնական ջրբաժանի օր: Այնպես որ, մեր ապագան մեր ձեռքերում է», ասվում է հայտարարության մեջ:
Այնուհետև Հայ ազգային կոնգրեսի ԱՄՆ գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ սփյուռքը նույնպես իր մեծ դերակատարությունն ունի Հայաստանում ընթացող գործընթացներում. «Այն չի կարող անհաղորդ մնալ հայրենիքի համար ճակատագրական նշանակություն ունեցող իրադարձություններին: Բոլորս էլ հարազատներ, բարեկամներ ու ընկերներ ունենք հայրենիքում և քաջ գիտակցում ենք, որ մեր հարազատների ու սիրելի մարդկանց ճակատագիրը անմիջականորեն կախված է երկրում ընթացող գործընթացներից: Կապվե՛ք ձեր բարեկամների, հարազատների, ընկերների և ծանոթների հետ, քաջալերե՛ք նրանց մասնակցելու 2011 թ. ապրիլի 28-ին Ազատության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին և երթին: Մենք ենք մեր ճակատագրի կերտողն ու տերը»:
«Ժամանակ»-ը երեկ զրուցեց Հայաստանի ԱԳՆ-ի նախկին աշխատակից` ԱՄՆ-ի և Կանադայի բաժնի վարիչ, այժմ` Հայ ազգային կոնգրեսի ԱՄՆ գրասենյակի ներկայացուցիչ Կարինե Աֆրիկյանի հետ: Այսօր Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի կողմից կատարված երկու զիջումների, Կոնգրեսի երկու պահանջների կատարման, ինչպես նաև Ս.Սարգսյանի երեկվա հայտարարության ֆոնին, ինչո՞ւ Ս.Սարգսյանն, այնուամենայնիվ, որոշեց գնալ այդ զիջումներին` հարցրեցինք Կ.Աֆրիկյանին: «Ինչպես նշել էինք մեր հայտարարության մեջ, Հայաստանում և սփյուռքում հայերը պետք է հասկանան, որ ոչ մի դեպքում չի կարելի ճնշումը նվազեցնել իշխանությունների նկատմամբ, որովհետև իշխանությունները որքան էլ փորձեն ասել, թե դա իրենց նախաձեռնությունն է, որ իրենք շահագրգռված են այդ քայլերը իրականացնելու հարցում` գոնե ինձ համար միանշանակ հասկանալի է, որ իշխանությունները համաժողովրդական շարժման ճնշման տակ գնացին այդ քայլերին: Ինչո՞ւ երկու-երեք տարիների ընթացքում դա չարվեց, իսկ հիմա, երբ շարժումը մեծ թափ է հավաքել, այդ պահանջները կատարվում են…
Բացի այդ, չպետք է մոռանանք, որ սպառվել են իշխանությունների արտաքին ռեսուրսները, այսինքն` այսօր ե՛ւ արտաքին ճնշումներն են ուժեղ, ե՛ւ ներքին: Իշխանությունների ապաշնորհ քաղաքականության շնորհիվ երկրի ներսում խորացել է տնտեսական ճգնաժամը: Բոլոր ռեսուրսները սպառված են` սոցիալական, տնտեսական, քաղաքական»,- նկատեց մեր զրուցակիցը: Ի՞նչ տրամադրություններ կան այսօր ամերիկահայերի շրջանում, մեր հայրենակիցները շարունակո՞ւմ են նույն հետևողականությամբ հետևել հայաստանյան ներքաղաքական գործընթացներին, ինչպես հետևում էին 2008թ. նախագահական ընտրություններին, սպասումները նո՞ւյնն են` հարցրեցինք Կ.Աֆրիկյանին. «Անշուշտ, հայաստանյան իրադարձությունների աշխուժացմանը զուգահեռ, նաև այստեղ` ԱՄՆ-ում, սպասումները մեծացել են: Իհարկե, այստեղ մշտապես մարդիկ հետևողականորեն հետևել են հայաստանյան ներքաղաքական գործընթացներին: Մարդկանց մի խումբ կա, որը մտահոգված է Հայաստանի իրավիճակով. դա հասկանալի է, որովհետև բոլորն էլ հարազատներ, ընկերներ ունեն Հայաստանում և ապրում են նրանց մտահոգություններով ու հոգսերով: Անշուշտ, Հայաստանի աշխուժացումը անմիջական ազդեցություն է ունենում նաև հայ համայնքի աշխուժացման վրա: Բոլորն են հասկանում, որ ապրիլի 28-ի հանրահավաքից շատ բան է կախված, նաև հասկանում են, որ իշխանությունները ստիպված են գնում այդ զիջումներին, որովհետև չափազանց մեծ է ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ճնշումն իրենց վրա»:
Հայաստանում համակարգային փոփոխությունների դեպքում ԱՄՆ-ից Հայաստան վերադարձողներ կլինե՞ն` հարցրեցինք Կ.Աֆրիկյանին: «Միանշանա՛կ: Եթե մարդիկ տեսնեն, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ են լինում, և իրենք վերադառնալու ու ապրելու են իրավական պետությունում` հավատացեք, որ բավական թվով մարդիկ ԱՄՆ-ից կվերադառնան հայրենիք: Որովհետև քիչ չէ այստեղ այն մարդկանց թիվը, ովքեր իրենց չեն գտնում օտար երկրում, այստեղ տարբեր բարդությունների են բախվում: Վստահ եմ, որ Հայաստանում նշանակալի փոփոխությունների դեպքում շատերը կվերադառնան Հայաստան, քանի որ շատ-շատերը միայն սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով չէ, որ հեռացել են Հայաստանից: Շատերը հայրենիքը լքել են, որովհետև իրենց զավակների ապագան չէին տեսնում հայրենիքում, մարդիկ սեփական երկրում իրենց քաղաքացի չէին զգում»,- նշեց Կարինե Աֆրիկյանը:








































