Բոլոր այն մարդիկ և կազմակերպությունները, ովքեր խոսում են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, լավ չեն պատկերացնում կոռուպցիայի դերը ՀՀ գործող իշխանությունների համար կամ ձև են անում, թե լավ չեն պատկերացնում: Եվ ընդհանրապես, Հայաստանում տարածված կարծիք կա, որ կոռուպցիան երկրի իշխանավորների համար փող աշխատելու միջոց է: Իհարկե, այս պնդումը ճիշտ է, բայց միևնույն ժամանակ չի արտահայտում ողջ ճշմարտությունը, որովհետև, եթե կոռուպցիոն համակարգի մեջ ընդգրկված մեր պաշտոնյաներին համարժեք կամ դրանից էլ շատ փող տանք, միևնույն է, նրանք կշարունակեն գործել կոռուպցիայի տրամաբանությամբ, քանի որ Հայաստանում կոռուպցիան ոչ այնքան փող աշխատելու միջոց է, որքան կառավարման մեթոդ:
Հայաստանում արմատախիլ անել կոռուպցիան, նշանակում է հիմքից զրկել գործող իշխանությանը, որովհետև այդ իշխանությունը հիմնված է կոճակ սեղմող պատգամավորների, կոռումպացված ոստիկանների, ծախու դատավորների, հասարակական գործիչների, մտավորականների, լրագրողների վրա: Եվ ի դեպ, կոռուպցիայի օգուտները ամենավառ կերպով տեսանելի են ուսանողների դեպքում. ընդհանրապես ողջ աշխարհում ուսանողությունը քաղաքական իրադարձությունների ամենաակտիվ և շատ դեպքերում վճռական դերակատարություն ունեցող մասնակիցն է: Հայաստանում, սակայն, ուսանողությունը վերածվել է ծիծակ կոշիկներ հագնող մի զանգվածի, որի հետաքրքրությունը բջջային հեռախոսի զանգերից այնկողմ չի անցնում:
Եվ սա այն բանի շնորհիվ, որ երկրի ուսանողության մեջ 50+1 տոկոս են կազմում կոռուպցիոն կապերով բուհ ընդունվածները: Իշխանությունը հստակ տիրապետում է, թե որ ուսանողի համար ով է միջնորդել, ում է միջնորդել և ինչպես: և ուսանողների շրջանում ցանկացած ակտիվություն այս մեթոդով ճնշվում է: Եվ եթե կոռուպցիոն կապերով ուսանող դարձածները ակտիվիստներ չեն, նրանք, միևնույն է, այնքան շատ են, որ կարողանում են ազդել ուսանողության կայացրած որոշումների վրա, մանավանդ որ ունեն իշխանական չինովնիկների, ոստիկանության և թաղային կրիմինալի աջակցությունը: Դե, հիմա անկեղծ ասեք, եթե դուք լինեիք Սերժ Սարգսյանի փոխարեն, կցանկանայի՞ք վերացնել կոռուպցիան բուհական ընդունելության քննություններից: Իհարկե, չէիք ցանկանա:
Դե, հիմա նույն տրամաբանությունը կիրառեք մյուս ոլորտների վրա. դատական համակարգ, դատախազություն, կառավարություն: Եվ ի դեպ, քաղաքական ճանապարհով նախարար դարձածը կարող է որոշակի սկզբունքներ հետապնդել, վիճել, չհամաձայնել, ընդհուպ հրաժարական տալ հանուն այդ սկզբունքի: Բայց եթե մարդը մեկ-երկու միլիոն դոլար է տվել նախարար դառնալու համար, հո հիմա՞ր չի սկզբունքներ հետապնդի: Նա պետք է իր արած ներդրումը ետ ստանալու նպատակ հետապնդի, ինչը և անում են հայրենի կառավարության շատ ու շատ անդամներ: և ի դեպ, այս իմաստով հայրենի կառավարությունը, չնչին բացառություններով, կարելի է երկու մասի բաժանել. տվողներ և վերցնողներ (ոմանք էլ համակարգում են տալու և ստանալու աշխատանքները): Արդյունքում բոլորը գոհ ու երջանիկ են, կյանքը`ուրախ, ապրուստն էլ` ձրի: Երևանի փողոցներում վխտացող ծտերի ցավն էլ տանի մեր կառավարությունը, իսկ Ազգային ժողովը մեռնի նրանց ջանին. ինչպես ընդունված է ասել հայրենի պաշտոնյաների շրջանում` լավ «պուտանկեն» հայրենիքից թանկ է: