Ապրիլի 26-30-ը Եվրախորհրդի աջակցությամբ ֆինանսավորված մշակութային ծրագրի շրջանակներում մի խումբ արվեստագետներ և արվեստի համադրողներ նախաձեռնել են քննարկումների, շնորհանդեսների, ցուցադրությունների և գործողությունների շարք, որի նպատակը ժամանակակից արվեստի ներկայացման այլընտրանքային ուղիների ստեղծումն է: Ծրագրի համադրողներ Եվա Խաչատրյանի ու Գոռ Ենգոյանի հավաստմամբ՝ նախագիծը միջոցառումներ է սկսում քաղաքային տարածքներում՝ լքված շինություններում, դատարկ տարածություններում և հանրային վայրերում:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցում ապրիլի 26-ին կայացավ «Վերջին տարիներին հանրային տարածքի փոխակերպումները Երևանում» խմբային քննարկումը: Մշակութաբան Հրաչ Բայադյանը իր «Համոզե՞լ, թե՞ հարկադրել. մշակութային գերիշխանության որոշակի ռազմավարությունները Հայաստանում» ելույթում հանգամանալից անդրադարձավ վերջին մի քանի տարիներին Երևանի տարբեր փողոցներում փակցված «Իմ զենքը իմ երգն է», «Մեր անունն է հայկական բանակ» կարգախոսներով պաստառներին: Նա նկատեց, որ այդ կարգախոսի լեզուն կապված է հարկադրանքի հետ, և այն սոցիալական ու մշակութային արժեքները տեղափոխում է ռազմականացման դաշտ:
Հրաչ Բայադյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այդ կարգախոսները Երևանի փողոցներում հայտնվեցին 2008 թ. ՀՀ նախագահի ընտրություններից առաջ, ինչն էլ վկայում է, որ այն լավ մտածված ստրատեգիա է: Անդրադառնալով այդ կարգախոսների ներքո հանդես եկող շոու-բիզնեսի երգիչ-երգչուհիներին՝ Հրաչ Բայադյանը նկատեց, որ այդ շարքում, բնականաբար, չէին կարող լինել, օրինակ, Մարտիրոս Սարյանը կամ Օհան Դուրյանը: Նրա համար անհասկանալի էր մնացել, թե ինչպես է Տիգրան Մանսուրյանը հայտնվել այդ շարքում: Խոսելով մշակութային գերիշխանության մասին՝ Հրաչ Բայադյանը նշեց նաև, որ բևեռացման գաղափար են կրում իրենց մեջ նաև հաճախակի գործածվող «տեղեկատվական անվտանգություն», «հոգևոր անվտանգություն» եզրույթները, որոնք նույնպես արժեքները տեղափոխում են ռազմականացման դաշտ:
Արվեստաբան Սուսաննա Գյուլամիրյանը անդրադարձավ Մարտի 1-ից հետո հանրային գիտակցության բացահայտ դառնալուն: Նա հիշեցրեց, որ արվեստագետները անդրադարձան ինչպես Մարտի 1-ի թեմային, այնպես էլ Հյուսիսային պողոտային, որը տևական ժամանակ դարձել էր հանրային տարածք: Իսկ այն փաստը, որ ժողովրդի մի մասը անհաղորդակից մնաց Մարտի 1-ի թեմային, Սուսաննա Գյուլամիրյանը կապեց ԶԼՄ-ների մեծամասնության կողմից ուղղորդված տեղեկատվություն տարածելու հետ: Սուսաննա Գյուլամիրյանին մտահոգում է, որ ժամանակակից արվեստն այսօր ցուցադրվելու հնարավորություններ չունի: Սակայն նա այդ հանգամանքը ևս կապում է այն բանի հետ, որ իշխանությունները շատ մեծ տարածքներ յուրացրին: Եվ նույնիսկ մարդկանց բռնի տեղահանեցին «Պետական կարիքների» անվան ներքո: Եվ քանի որ Մարտի 1-ից հետո դրսևորվում է հանրային դիմադրողականություն, արվեստագետները ցանկանում են այդ դիմադրողականությունն արտահայտված տեսնել նաև սոցիալական և մշակութային ոլորտներում:







































