Բրիտանական The İndependent թերթում հրապարակվել է Շոն Ուոքերի «Բարեկամության ձեռքը հետ է քաշվում» խորագրով հոդվածը, որում անդրադարձ է կատարվում Կարսում գտնվող և հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի ապամոնտաժմանը.
«Այդ հուշարձանը կառուցվել է հայ-թուրքական բարեկամությունն ընդգծելու համար, և այժմ դրա ապամոնտաժումը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների` փակուղային վիճակում հայտնվելու մասին:
Հուշարձանի քանդակագործ Մեհմեթ Աքսոյը Թուրքիայի անունից ներողություն է խնդրել հուշարձանի ապամոնտաժման համար` հայտարարելով, որ իրենք նորից կվերականգնեն այն:
Այս անավարտ (ձեռքը պոկված էր) հուշարձանը մշտապես առաջացրել է Թուրքիայի տարածաշրջանային դաշնակից Ադրբեջանի ու թուրք ազգայնականների խոր դժգոհությունը:
Հատկանշական է, որ ապամոնտաժման աշխատանքները մեկնարկեցին հենց ապրիլի 24-ին, երբ համայն աշխարհի հայությունը ոգեկոչում էր 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը: Դրա նախօրեին թուրք արվեստագետները հուշարձանի շուրջ բողոքի ակցիա էին կազմակերպել, իսկ մինչ այդ դանակահարվել էր Կարսի հուշարձանի ապամոնտաժման դեմ հանդես եկող արվեստագետ Բեդրի Բայքամը:
Կարծիքներ կան, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը, հունվարին հրահանգելով ապամոնտաժել հուշարձանը, նպատակ է հետապնդում հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ իր կողմը գրավել թուրք ազգայնական ընտրազանգվածը»:
Հիշեցնենք, որ հունվարին Կարս այցելած Էրդողանն այդ հուշարձանն անվանել էր «այլանդակ» և «ապամոնտաժման ենթակա»: Դրանից հետո Մեհմեթ Աքսոյը հայտարարեց, որ եթե Էրդողանը քանդել տա հուշարձանը, ապա կնմանվի Թալիբանին, որը 2001 թվականին Աֆղանստանում ոչնչացրեց Բուդդայի երկու վիթխարի արձանները:
Իսկ Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, որի օրոք կառուցվել է այն, հայտարարել էր, որ հուշարձանի կառուցմամբ իրենք ցանկացել են Կարսից խաղաղության ուղերձ հղել երկու ժողովուրդներին, քանի որ Երևանում ու Իգդիրում գտնվող Ցեղասպանության հուշարձանները վրեժ են բորբոքում նրանց միջև:
Ալիբեյօղլուն նաև նշել էր, որ քանդման խնդրանքով Էրդողանին դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Սակայն դժվար է կարծել, որ եթե Ալիևի ցանկությունը չհամապատասխաներ Էրդողանի շահերին, ապա նա կկայացներ նմանատիպ վճիռ. քանի որ Թուրքիայի հայ համայնքը շատ փոքր է` համեմատած թուրք ազգայնականների հետ, ուստիև դրանով Էրդողանը ձգտում է իր կողմը գրավել ազգայնական ընտրազանգվածը:
Հենց այդ պատճառով էլ Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) ներկայացուցիչ, Իզմիրից ընտրված կին պատգամավոր Շենոլ Բալը քաղաքական շոու անվանեց հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Էրդողանի կողմից հուշարձանի քանդման կոչը` նշելով, որ այդ հուշարձանն արդեն մի քանի տարի է, ինչ կանգնած է Կարսում, մինչդեռ Էրդողանը դրա մասին հիշեց միայն հիմա` ընտրություններից առաջ.
«Կարսի տարածաշրջանում գտնվում են տասնյակ հազարավոր թուրք զինվորների գերեզմաններ: Բնականաբար, նույն վայրում հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի առկայությունը հարուցում է տեղի բնակչության դժգոհությունը: Վարչապետը քաջ գիտակցում է այդ հանգամանքը և օգտվում է դրանից»»:










































