Ինչպես քիչ առաջ հաղորդել է Al-Jazeera հեռուստաալիքը, Լիբիայի 61 ցեղերի ղեկավարներ և ներկայացուցիչներ Մուամար Քադաֆիին հղված ուղերձ են ստորագրել, որով կոչ են արել նրան հեռանալ:
Փաստաթուղթը ներկայացրել է ֆրանսիացի գրող-փիլիսոփա Բեռնար Անրի Լևին` Բենղազի քաղաքում: Ֆրանսիացին համարվում է ապստամբների կողմնակից և արդեն երկար ժամանակ է գտնվում է Բենղազիում:
«Մեր երկրի միասնականության կորստի վտանգի առաջ, բախվելով ստի և դիկտատորի ու նրա ընտանիքի կողմից իրականացվող քարոզչության հետ, մենք միակամ հայտարարում ենք` մեզ ոչինչ չի բաժանի», ասված է նամակում:
Ստորագրողները հայտարարել են, որ իրենց համար մեծ արժեք է «Ազատ, ժողովրդավար և միասնական Լիբիան»:
Նրանք նաև հայտարարել են, որ Լիբիան միասնական կլինի` Տրիպոլի մայրաքաղաքով, եթե Քադաֆին հեռանա. «Մենք` լիբիացիներս, միասնական և միավորված ցեղ ենք` ազատ Լիբիայի ցեղը, որը պայքարում է բռնաճնշման և պառակտման դեմ», եզրափակում է նամակը:
Բեռնար Անրի Լևին ասել է, որ այս նամակը պատրաստ էր դեռ ապրիլի կեսից, որից հետո այն ձեռքից ձեռք է անցել, որպեսզի ցեղերը ծանոթանան դրա հետ և տան իրենց համաձայնությունը: Սակայն չի նշվել, թե ստորագրողներից քանիսն են այդ ցեղերի ղեկավարները, քանիսը` ցեղերի ներկայացուցիչները:









































