Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի եվրոպական հատվածում փորվելու է նոր ջրանցք: Ըստ Էրդողանի` դա լինելու է 21-րդ դարի խոշորագույն նախագծերից մեկը:
Նոր նախագծի իրականացումը հնարավորություն կընձեռի նվազեցնելու աշխարհի ամենածանրաբեռնվածներից մեկը համարվող Սևծովյան նեղուցների տրանսպորտային բեռնվածությունը: Տարեկան դրանցով անցնում է 150 միլիոն տոննա նավթ:
Այդ ջրանցքը միմյանց է կապելու Սև և Մարմարա ծովերը, այն ունենալու է 40 կիլոմետր երկարություն, 150 մետր լայնություն և 25 մետր խորություն: Փաստորեն, դա նախատեսված է լինելու ժամանակակից նավերի (300 մետր երկարությամբ) անցման համար:
Նախատեսվում է, որ օրական դրանով անցնելու է 150-160 նավ:
Միայն հետազոտական աշխատանքները տևելու են 2 տարի: Ջրանցքի վրա կամուրջ է կառուցվելու, որը պետք է դիմանա 8.1 բալանոց երկրաշարժին: Ջրանցքի կոնկրետ վայրը դեռ գաղտնի է պահվում:
Սա հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ վարչապետ Էրդողանի հերթական նախընտրական խոստումն է:
Հիշեցնենք, որ նախկինում Թուրքիայի կառավարությունը հավանություն էր տվել երկրի եվրոպական հատվածում 140 կիլոմետրանոց նավարկելի ջրանցքի կառուցման նախագծին: Այն պետք է անցներ նեղուցներին զուգահեռ: Նախագիծը գնահատվում էր 300-320 միլիոն դոլար:
Տվյալ տարածքում մինչքրիստոնեական ժամանակաշրջանում կառուցված համանման ջրանցքը պետք է փակվեր բնապահպանական նկատառումներով: Ի տարբերություն նեղուցների, որոնք համարվում են միջազգային ջրեր, ջրանցքը կգտնվի բացառապես Թուրքիայի իրավասության ներքո:
Մինչև 1998 թվականը թուրքական իշխանությունները պաշտոնապես նեղուցներն անվանում էին «սևծովյան»: Բոլոր փաստաթղթերում օգտագործվում էին «Բոսֆոր» և «Դարդանել» աշխարհագրական անվանումները, ինչը յուրօրինակ կերպով հաստատում էր նեղուցների կարգավիճակի «ոչ ազգային» լինելը: Սակայն 1998 թվականին նավարկության կարգում նեղուցներն անվանվեցին «թուրքական» և համարվեցին Ստամբուլ և Չանաքքալե (Դարդանել) քաղաքների նավահանգստային ջրեր:







































