«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ»-ի հետ խաղի նախօրեին կոշտ է արտահայտվել մրցակցի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հասցեին, որը ավելի վաղ հեգնանքով էր արտահայտվել իսպանացու մասին:
«Ցանկանում եմ դիմել հենց նրան: Վաղը երեկոյան մեր թիմերը կհանդիպեն խաղադաշտում, այնտեղ էլ կպարզվի, թե ով է ավելի լավը: Չեմ պատրաստվում Մոուրինյոյի հետ մրցել ասուլիսներում շատ խոսելու տեսանկյունից: Այդ գործում նա գերազանցում է բոլորին, նա չեմպիոն է: Սակայն խաղը ցույց կտա, թե ով է ավելի ուժեղ: Մոուրինյո մարզիչից ես փորձում եմ շատ բան քաղել, Մոուրինյո մարդուց ինձ ոչինչ հարկավոր չէ: Եթե հաջորդ փուլ դուրս գա «Ռեալ»-ը, դա կնշանակի, որ նրանք մեզնից լավ խաղ ցուցադրեցին: Եթե մենք հաղթենք Իսպանիայի առաջնությունում, դա կնշանակի, որ մենք մադրիդցիներին գերազանցել ենք ողջ մրցաշրջանի արդյունքով։ «Ռեալ»-ը չափազանց ուժեղ կազմ ունի և սեփական հարկի տակ է խաղալու, բայց մենք չենք պատրաստվում միայն պաշտպանվել»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն:









































