ԱՄՆ Պետդեպը տարածել է ծանուցում ամերիկացիների համար, ովքեր ճանապարհորդում են աշխարհում։ Ծանուցմամբ նրանց նախազգուշացվում է «ավելացած ահաբեկչական սպառնալիքների» մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Պետդեպի տվյալներով՝ այնպիսի ծայրահեղական խմբավորումներ, ինչպիսիք են ԴԱԻՇ-ը, «Ալ-Քաիդան», «Բոկո Հարամն» ու այլք, շարունակում են հարձակումներ ծրագրել շատ տարածաշրջաններում։
Սպառնալիքի մասին նախազգուշացումը ուժի մեջ կլինի մինչև 2016 թվականի փետրվարի 24-ը։
Ամերիկացիներին խորհուրդ է տրվում զգոնություն պահպանել հասարակական վայրերում և տրանսպորտում, ինչպես նաև հետևել շրջապատի իրադրությանն ու խուսափել մարդկանց կուտակումներով վայրերից։
«Իշխանությունները կարծում են, որ ահաբեկչական հարձակումների հավանականությունը կպահպանվի այն պատճառով, որ ԴԱԻՇ-ի անդամները տուն են վերադառնում Սիրիայից ու Իրաքից»,- ասվում է հաղորդագրությունում։








































