Նախորդ ամիս Արա Աբրահամյանը, ով Ռուսաստանի հայերի միության նախագահն է, հայտնվեց Հայաստանում, հայտարարեց, որ պատրաստվում է հաջորդ տարվա մարտին կուսակցություն ստեղծել՝ երկիրը այս վիճակից դուրս բերելու համար ու անհետացավ: Անհետացավ՝ անգամ չասելով, թե ինքը կո՞ղմ է Հայաստանում նախատեսվող սահմանադրական բարեփոխումներին, որոնք իր համար որևէ տեղ չեն թողնում իշխանական համակարգում, թե՞ դեմ:
Ամենայն հավանականությամբ Աբրահամյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին, բայց չցանկացավ դրա մասին արտահայտվել, որովհետև իր ասուլիսում հայտարարեց, որ չի պատրաստվում որևէ մեկին քննադատել, իսկ սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվելը կնշանակեր քննադատություն իշխանությունների հասցեին, ինչից Աբրահամյանը այդքան խուսափում է:
Արա Աբրահամյանը գնաց, բայց ըստ որոշ տեղեկությունների՝ նրա գործը շարունակվում է, և այդ գործի շարունակողը Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ.Սարգսյանն է: Վերջինս հանդիպում է հիմնականում իր սերնդակից մտավորականների ու խորհրդային շրջանի գիտության ոլորտի աշխատողների հետ և նրանց առաջարկում միանալ նորաստեղծ կուսակցությանը, համոզում, որ եկել է Հայաստանին կրկին խորհրդային ծաղկուն ժամանակները վերադարձնելու ժամանակը, և որ դա կարող է անել միայն Ռուսաստանի իշխանությունների ու Ռուսաստանում բնակվող 3 միլիոն հայերի աջակցությունը ունեցող Արա Աբրահամյանը: Համոզում է, որ Արա Աբրահամյանը ամեն ինչ ունի, Հայաստանում էլ որևէ պաշտոն չի կարող զբաղեցնել, և նրա միակ նպատակը Հայաստանին օգնելն է, հայրենիքը ներկա ծանր վիճակից դուրս բերելը: Իրենք էլ՝ որպես այս ազգի մտավորականներ, որպես երկրում ավանդ ու ներդրում ունեցող մարդիկ, պետք է իրենց խոսքն ասեն, օգնեն, որ այդ խնդիրները լուծվեն:
Այդ մտավորականների մի մասի հայ-հայը գնացել, վայ-վայն է մնացել, մյուսները հասկանում են, որ քաղաքականությամբ զբաղվելու իրենց ժամանակներն ացել են, բայց կան այնպիսիները, որ համաձայնվում են: Արա Աբրահամյանի ուզածը, ըստ ընթացող գործընթացի, ինչ-որ մի մեծ համազգային համախմբում կազմակերպելն է, որի մաս կկազմեն բազմաթիվ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ազգի հզոր մտավորականությունը, որի հզորության հիմնական տարբերանշանը կլինի նրանց տարիքը, քանի որ Արա Աբրահամյանը համարում է, որ մարդ որքան տարիքով է, այնքան ավելի վաստակաշատ է ու այնքան մեծ է նրա հասարակական ազդեցությունը:
Երբ այդ համախմբումը կլինի, և բոլորը կտեսնեն, թե որքան ուժեր են միավորված Արա Աբրահամյանի տակ, որևէ մեկի մոտ կասկած չի առաջանա այդ ուժի հաջողության մեջ: Իսկ այդ բոլորին միավորողը լինելու է արտաքինից հայրենիքի փրկության գաղափարը, բոլոր միավորվողները ասելու են, որ միավորվում են հանուն դրա, իսկ տակից՝ Արա Աբրահամյանի փողը: Երբ Աբրահամյանին հարցրեցին, թե իր կողմից ստեղծվելիք կուսակցությունը ինչ գաղափարախոսություն է ունենալու, նա չկարողացավ այդ հարցին հստակ պատասխան տալ, որովհետև չէր կարող ասել, որ գաղափարը փողն է, որ մարդիկ համախմբվելու են իր ունեցած փողի շուրջ՝ դրանից ինչ-որ բան փախցնելու հույսով:
Չի բացառվում, որ այդ համախմբման մեջ լինեն այնպիսի քաղաքական ուժեր ու գործիչներ, որոնց ներկայությունը իրար կողքի ուղղակի կարող է զարմանք ու զարհուրանք առաջացնել: Մի պահ պատկերացրեք, որ նույն միավորման մեջ են լինելու ՕԵԿ-ը, ՀԴԿ-ն, ՀԺԿ-ն և ՀԱԿ-ը: Այս ուժերը առաջին հայացքից իրար դասակարգային թշնամիներ են թվում, քանի որ, օրինակ, Դեմկուսը ՀՀՇ-ին տևական ժամանակ մեղադրում էր երկիրը քայքայելու, արդյունաբերական պոտենցիալը ոչնչացնելու մեջ, ՀԱԿ-ը ամենատարբեր մեղադրանքներն էր ուղղում ՕԵԿ-ին, և այսպես շարունակ: Բայց իրականում այս ուժերին, բացի փողից, միավորում է մեկ այլ հզոր բան ևս. նրանք բոլորը իրենց էությամբ ռուսամետ են, և անկախ միմյանց հասցեին հնչեցրած մեղադրանքներից՝ պատրաստ են իրենց մասնակցությունն ունենալ պրոռուսական ընդդիմադիր բլոկի ձևավորման գործում:
Մի ժամանակ այդ դերը տրված էր Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրես դաշինքին, հետո Տեր-Պետրոսյանը էստաֆետը հանձնեց Ծառուկյանին, Ծառուկյանի դատարկ թողած տեղն էլ լրացնում է Արա Աբրահամյանը: Այնպես որ, 2016թ. մեզ իսկապես բավական հետաքրքիր քաղաքական զարգացումներ են սպասում՝ լի ամենատարբեր անակնկալներով:










































