Լեհ թոշակառուին, որը կատակել է Եգիպտոս թռչող ինքնաթիռում ռումբ լինելու մասին, պարտավորեցրել են փոխադրողին 30 000 եվրո տուգանք վճարել: Այս մասին հայտնում է «Ռադիո Լեհաստան»-ը:
Տարեց տղամարդն օդաչուին հայտնել էր Վարշավայից Հուրգադա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին: Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Բուլղարիայի Բուրգաս քաղաքում, բայց պայթուցիկ չի հայտնաբերվել:
«Ռադիո Լեհաստան»-ը հայտնում է, որ 67-ամյա տղամարդը Բուլղարիայում մի քանի օր անցկացրել է կալանքի տակ: Նա իր վարքը բացատրել է որպես կատակ:
Հաղորդվում է, որ 30 000 եվրոն, որը կվճարի կատակասերը, լիտվական Small Planet փոխադրողի կրած նվազագույն վնասն է: Բացի դրանից՝ նրան կարող են պարտավորեցնել փոխհատուցել բուլղարացի իրավապահներին, որոնք խուզարկել են ինքնաթիռն ու շղթայել օդանավակայանը:










































