Վատիկանը մեղադրանք է ներկայացրել երկու լրագրողների և բարձրաստիճան հոգևորականների դեմ տեղեկատվության արտահոսքի և գաղտնի փաստաթղթերի հրապարակման գործով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այդ փաստաթղթերը հիշատակվել են երկու գրքերում՝ «Ընչաքաղցություն» և «Առևտրականները տաճարում»: Դրանք գրվել են լրագրողներ Էմիլիանո Ֆիտիպալդիի և Ջանլուիջի Նուցիի կողմից, ովքեր Վատիկանին մեղադրել են կոռուպցիայի և միջոցները վատնելու մեջ:
Լրագրողներին մեղադրում են տեղեկություն ստանալու համար ճնշում գործադրելու մեջ: Տեղեկատվության արտահոսքի մեջ Վատիկանը 5 մարդու է կասկածում:
Ֆիտիպալդին հայտարարել է, որ ցնցված է այդ որոշումից:
«Կարող է՝ ես միամիտ եմ, բայց ես կարծում էի, թե հետաքննությունը կառնչվի հանցագործներին, որոնց մասին ես պատմել եմ, այլ ոչ թե մարդուն, ով հայտնել է հանցագործությունների մասին»,- ասել է նա:
Բացի այդ, եկեղեցական բարեփոխումների ուսումնասիրության հարցով պապական հանձնաժողովի երկու անդամներ՝ Լյուսիո Անխել Վալեխո Բալդան և հասարակական կապերի հետ մասնագետ Ֆրանչեսկա Չաոուկին, մեղադրվում են «հանցավոր դավադրության» և փաստաթղթերի առևանգման մեջ: Նման մեղադրանքներ են առաջադրվել նաև նրանց օգնական Նիկոլա Մայոյի դեմ:









































