Այսօր հայտնի է դարձել, որ հերթական անգամ պայթեցվել է գազամուղը, որով վառելիք էր արտահանվում Եգիպտոսից դեպի Սիրիա: Եգիպտոսի անվտանգության ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ հարձակումն իրականացրել են մի խումբ գրոհայիններ. «Մենք չգիտենք, թե երբ կարող ենք վերականգնել գազամատակարարումը: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասել է Եգիպտոսի իշխանության անանուն աղբյուրը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հյուսիսային Սինայում պայթեցվում է Եգիպտոսից Հորդանան և Իսրայել ձգվող գազամուղը: Փետրվարի սկզբին` հեղափոխական շարժման ընթացքում, այդ գազամուղը կրկին պայթեցվել էր, որի հետևանքով առժամանակ դադարեցվել էր Իսրայելի գազամատակարարումը: Վելուծաբանները կարծում են, որ այս պայթյունները կարող են կրկնվել, քանի որ հեղափոխությունից հետո Եգիպտոսում ավելի հաճախ են հնչում կոչեր, որով պահանջվում է վերանայել հարաբերությունները Իսրայելի հետ: Սա նաև պայմանավորված է այն հանգամանքով, որ իսրայելական իշխանությունները հեղափոխության ընթացքում մինչև վերջ իրենց աջակցություն էին հայտնում պաշտոնանկ արված Հոսնի Մուբարաքին:









































